Հնարավորինս շատ մարդու վարակել ձնավիրուսով. Ջերմուկում ձնամարտեր են՝ հատուկ կանոններով

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մրցութային առաջին օրը Ջերմուկի օդանավակայանի տարածքում ձնամարտի որակավորման փուլն էր։
Sputnik
Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի 7 սպորտաձևերից մեկը ձնամարտն է։ Մասնակցում են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 18 թիմեր։ Յուրաքանչյուր թիմի տրվում է ձնագնդիկների որոշակի հավասար քանակ, 7-հոգանոց թիմերը սկսում են պայքարը։ Ում դիպչում է ձնագնդիկը, նա խաղից դուրս է։
Ձնամարտի որակավորման փուլը
Յուրաքանչյուր խաղ ունի 3 փուլ, որոնցից յուրաքանչյուրը 3 րոպե է տևում։ Հաղթում է այն թիմը, որը խաղի վերջում ամենաշատ թվով մասնակիցներն է ունենում։
Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը լուսանկարներով
Կա նաև հաղթելու երկրորդ տարբերակ՝ մրցակցի «դրոշի գրավում»։ Դրոշին տիրացած թիմը միանգամից 10 միավոր է ստանում։
Այսօր մասնակից բոլոր թիմերը նորեկներ են, փորձառու ձնամարտիկներ չկան։
«Սա էլ այս խաղի ամենահետաքրքիր կողմն է, թե ինչպես են նորեկներն առաջին անգամ փորձում ու սիրում ձնամարտը, ընկ որում՝ մրցակցային ոգուց բացի միշտ բարձր տրամադրությունն է ուղեկցում»,- ասում է Հայաստանի ձնամարտի ֆեդեդացիայի հիմնադիր Տիգրան Պետրոսյանը։
Հայաստանի ձնամարտի ֆեդեդացիայի հիմնադիր Տիգրան Պետրոսյանը
Հայաստանում ֆեդերացիան հիմնադրվել է 2019 թվականին։ Արդեն մի քանի մրցաշարեր են անցկացվել, նաև Հայաստանի, այսպես ասած, չեմպիոնների լիգա։ Հայաստանի ձնամարտի հավաքականը նաև Ֆինլանդիայում Եվրոպայի առաջնության է մասնակցել։
Վալենտին Յուչենկոն ընկերների ու ընտանիքի հետ Մուրմանսկից է եկել հատուկ Համահայկական խաղերի համար։
Հիմա Վալենտինն ընկերոջ հետ հատուկ տեխնոլոգիայով ձնագնդիկներ է պատրաստում ձնամարտի համար։ Դրանք պիտի ամուր լինեն, որ ձեռքում կամ օդում չփրշվեն ու թիրախին հասնեն։ Մուրմանսկում ձնամարտը հայտնի է 2006 թվականից։ Վալենտինն ասում է՝ Հայաստանում էլ ձնամարտի զարգացման բոլոր հնարավորությունները կան։
«Ձնամարտը ոչ միայն սպորտ է, առողջություն, տրամադրություն, այլև ընտանիք։ Այստեղ կարող ես խաղալ կնոջդ, երեխայիդ, ընկերոջդ հետ, ու մենք շատ ենք ուզում աշխարհում հնարավորինս շատ մարդկանց վարակել այս յուրահատուկ ձնավիրուսով»,- ասում է Վալենտինը։
Մուրմանսկի անձնակազմի անդամ Վալենտին Յուչենկոն
Վստահ է՝ այս խաղ-սպորտաձևը մեր երկրում զարգանալու դեռ շատ հնարավորություններ ունի։
Հիշեցնենք` Ջերմուկում երեկ` փետրվարի 1–ին, մեկնարկել են Համահայկական ձմեռային 2–րդ խաղերը։
Ներկայացված են 7 սպորտաձևեր՝ ձնեմարտ, դահուկավազք, սնոուբորդ, լեռնադահուկ, հոկեյ, շախմատ, սպորտային պարեր։ Նշված սպորտաձևերից երեքի մրցումներն այլ վայրում են անցկացվում. հոկեյը՝ Երևանում,իսկ սնոուբորդի ու լեռնադահուկասպորտի մրցումները՝ փետրվարի 5-ին և 6-ին Եղիպատրուշում՝ «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում։