Տիրան Խաչատրյանի պաշտպանական կողմը պնդում է, որ դատական վարույթը դռնբաց իրականացվի

Տիրան Խաչատրյան
Տիրան Խաչատրյան
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիգրան Խաչատրյանի պաշտպանական կողմը պնդում է, որ դատական վարույթն իրականացվի դռնբաց ռեժիմով։ Այս մասին ասվում է նրա փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի և Արմեն Անդրիկյանի հայտարարության մեջ:
Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։

«Այս փուլում միանշանակ հաստատվեց պաշտպանական թիմի այն պնդումը, որ Տիրան Խաչատրյանը ապօրինի է կալանավորվել դատարանի կողմից։ Տիրան Խաչատրյանի կալանավորումը նախաքննական մարմնի և դատարանի կողմից հիմնավորվում էր ակտիվ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությամբ, սակայն փաստացի առանց դրանց կատարման` ընդամենը 20 օր հետո գործը ուղարկվեց դատարան»,– նշել են պաշտպանները։

Նրանք պնդում են, որ Տիրան Խաչատրյանն արդեն 24 օր գտնվում է ապօրինի կալանքի տակ։
«Պաշտպանական կողմը պնդելու է, որպեսզի սպասվող դատական վարույթը իրականացվի դռնբաց ռեժիմով՝ ապահովելով դատավարության հրապարակայնությունը, որպեսզի հանրությունը նույնպես տեղեկացվի իրականության մասին»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է հունվարի 5-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։