Ի՞նչ նոր փոփոխություններ են ուժի մեջ մտել հարկային հայտարարագրման կարգի մեջ. որոշում

Աշխատավարձի, ավանդներից և արժեթղթերից ստացված տոկոսների, գույքի վարձակալությունից ստացված եկամուտների մասով տվյալները ՊԵԿ–ն ավտոմատ կերպով կգեներացնի իր բազայից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանում պաշտոնապես ուժի մեջ են մտել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջարկած հարկային հայտարարագրերի կազմման կարգի փոփոխությունները: Դրանք հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի arlis.am պաշտոնական հարթակում։
Մասնավորապես, անհատույց ստացված եկամուտների մասին կետում նշված է, որ հարկային հայտարարագրում նշված համապատասխան տողը լրացվում է այն դեպքում, երբ ստացված գումարը (միանվագ, այլ ոչ թե մեկ տարվա համար) կազմել է 300 հազար դրամ և ավելի: Եթե այս ծավալը գերազանցվել է, գումարը հայտարարագրվում է, բայց չի հարկվում:
300 հազար դրամի շեմ է սահմանված նաև որպես նվիրատվություն և որպես ժառանգություն գույք ստանալու համար։ Ենթակա է հայտարարագրման, եթե դրա ծավալը գերազանցում է 300 հազար դրամը։
Հստակեցում կա նաև գործուղման վճարների հայտարարագրման և ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի համար գործատուից ստացված այլ հատուցումների վերաբերյալ: Այս տողը պետք է լրացնել, եթե մեկ տարվա ընթացքում այդ փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմում է 3 մլն դրամ և ավելի։
Ոչ թե քարտին, այլ հաշվեհամարին փոխանցում արեք. Սարգսյանը` հայտարարագրման սողանցքների մասին
Մնացած եկամուտների (աշխատավարձ, ավանդներից և արժեթղթերից ստացված տոկոսներ, գույքի վարձակալությունից ստացված եկամուտներ և այլն) մասով տվյալները ՊԵԿ–ն ավտոմատ կերպով կգեներացնի իր բազայից:
Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։