Բաքվի դատարանը հրաժարվել է փոխել Արցախի նախկին ղեկավարների խափանման միջոցը

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը Բաքվում սկսվել է հունվարի 17–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Բաքվի դատարանը հրաժարվել է Արցախի նախկին ղեկավարներին տնային կալանքի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Նախորդ նիստի ժամանակ նրանք, բացի Արայիկ Հարությունյանից, դիմել էին դատարանին՝ տնային կալանքի տեղափոխելու միջնորդությամբ։
Բաքվում բանտարկված հայերը զրկված են արդար դատաքննության երաշխիքներից. ՀՀ ՄԻՊ
Դատավոր Զեյնալ Աղաևը մերժել է այդ միջնորդությունները։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: