ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում, Հայաստանի համար տնտեսական աճի և արտաքին առևտրային ներուժի իրացման վրա ազդող գործոններից է։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են պահպանել քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտգործնախարարությունների միջոցով, ինչպես նաև փոխշահավետ համագործակցությունը ոլորտային տարբեր ուղղություններով»,- ասել է Միրզոյանը։
Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում նա կարևորել է Հայաստանի նախագահության շրջանում ԵԱՏՄ-ում Իրանին դիտորդի կարգավիճակ տալը:
«Այսօրվա հանդիպումը կայացավ անկեղծ և կառուցողական մթնոլորտում, քննարկվող հարցերի շրջանակը բավականին ընդգրկուն էր և բազմակողմանի։ Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության հարցեր և անդրադարձանք Հարավային Կովկասում խաղաղության թեմային», - ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մեդիադաշտում ստեղծված իրավիճակը և առավել բարենպաստ տեղեկատվական մթնոլորտի ձևավորման ուղիները:
Նշենք, որ հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ բանակցություններ են անցկացվել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։