ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Մայիսին հասունացող ծիրան Հայաստանում երկար ժամանակ գործնականում չեն աճեցվել, սակայն դրա պահանջարկը կայուն բարձր է։
Հիմնականում Թուրքիայից ներմուծումն օգնում էր շուկան ապահովել վաղահաս պտուղներով, և նույնիսկ սեզոնից դուրս դրանց պահանջարկը կար բարձր եկամուտ ունեցող սպառողների շրջանում:
Վերջին տարիներին իրավիճակը փոխվել է. վաճառասեղաններին սկսել են հայտնվել տեղական մայիսյան ծիրաններ, որոնք աճեցվում են Մեղրիի տարածաշրջանում և Արարատի մարզի հարավային հատվածներում: Այս շրջաններում տաք եղանակը բարենպաստ պայմաններ է ստեղծում վաղահաս բերք ստանալու համար։
«Մեղրի Ֆրութ» ընկերության համահիմնադիր Արշակ Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ընկերության այգիներում բերքահավաքը սովորաբար սկսվում է մինչև մայիսի 10-ը, իսկ 2022 թվականին կատարվել է անգամ ապրիլի վերջին։
«Մեղրի Ֆրութ» ընկերության վաղահաս ծիրանի այգիները
Վաղահաս պտուղներ ապահովելու համար ընկերությունը 6 հեկտարի վրա տնկել է իտալական սորտի տնկիներ, որոնք պատվաստվել են տեղի չոր և տաք կլիմայական պայմաններին դիմացող արմատներին:
«Ոռոգումը շարունակում է մնալ Մեղրիի գյուղատնտեսության առանցքային խնդիրներից մեկը, սակայն ժամանակակից տնտեսող համակարգերն օգնում են արդյունավետ լուծել այդ խնդիրը», – նշեց Գալստյանը:
Արտահանման հեռանկարներ ևս կան, սակայն միջազգային շուկայում մրցակցությունը բարձր է։ Նույնիսկ մայիսյան ծիրանը բացառիկ ապրանք չէ՝ այդ ժամանակ շուկայում հայտնվում են ուզբեկական և թուրքական պտուղները: Օրինակ, Mogador տեսակի պտուղները վաճառքի են հանվում մայիսի 5-10-ին, իսկ Lunafull-ը՝ նույն ամսվա վերջին: Թուրքիան, որպես աշխարհում ծիրանի խոշորագույն արտադրող, շարունակում է գերիշխել այս ուղղությամբ։
Այդուհանդերձ, Հայաստանի ներքին շուկան շարունակում է տեղական արտադրողների համար առաջնային մնալ։ Ներմուծման կրճատումը հաստատում է նրանց հաջողությունը. 2021 թվականին երկիր է ներմուծվել 81 տոննա ծիրան, իսկ 2023 թվականին՝ ընդամենը 3 տոննա։ Դա պայմանավորված է նրանով, որ տեղական մայիսյան ծիրանը լավ է ընդունվում շուկայւմ և կարող է վաճառվել ավելի բարձր գնով, քան հունիս-հուլիս ամիսներին հավաքված պտուղները:
«Մեղրի Ֆրութ» ընկերությունն արդեն փորձնական խմբաքանակներ է ուղարկել ռուսական շուկա և նախատեսում է զարգացնել այդ ուղղությունը՝ շարունակելով ամրապնդել դիրքերն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: