ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կուսակցություն է հիմնում, որը կոչվելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» (ՄԱՍԿ)։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան միացել է նաև ՔՊ խմբակցությունից հեռացված Հակոբ Ասլանյանը։
Հովիկ Աղազարյանը այսօր հայտնել է, որ կուսակցության անվան հետ կապված որոշումը կայացվել է կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստում, որը կայացել է 2024թ–ի դեկտեմբերի 30–ին։
Աղազարյանը հայտնել է, որ որոշվել է մինչև 2025–ի հունվարի 16–ն ավարտին հասցնել կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները։
Կուսակցության հիմնադիր համագումարը կհրավիրվի փետրվարի 8–ին։
Նշենք, որ պատգամավորը դեկտեմբերի 3-ին հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։
Փաշինյանը նույն օրը հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։
Դեկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։