Արցախից բռնի տեղահանված քանի՞ ընտանիք է լուծել բնակարանի խնդիրը. պատմում է փոխնախարարը

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել է, որ բնակապահովման ծրագրում արդեն որոշակի ակտիվություն է նկատվում։
Sputnik
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից ավելի քան 300–ը բնակարանների գնման հավաստագրեր են ստացել, ոմանք հասցրել են նաև տուն գնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
«300 ընտանիքներից մի քանիսն արդեն ունեն ձեռք բերված բնակարաններ, մյուսները կա՛մ տան փնտրտուքի մեջ են, կա՛մ արդեն գտել են տունը, և հիմա այդ գործընթացի մեջ են»,– ասաց նա։
Բռնի տեղահանվածների բնակապահովման պետական ծրագիրը

Բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ–ի հունիսի 15-ից` մայիսին կառավարության ընդունած որոշմամբ։

Առաջին փուլում ծրագրին կարող են մասնակցել 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, երկրորդ փուլում` 2026թ․-ի հունվարի 1-ից հետո, 2 երեխա ունեցողները, 3-րդ փուլում` 2027թ․-ի հունվարի 1-ից` 1 երեխա ունեցող ընտանիքները։ Ընտանիքում հաշմանդամություն ունեցող, զոհվածի կամ կերակրողին կորցրած ընտանիքները ծրագրին կարող են մասնակցել արտահերթ` ցանկացած փուլում։

Շահառուներին հնարավորություն է տրված բնակարան գնել ՀՀ 242 բնակավայրերում, այդ թվում` Երևանում (բացառությամբ 1-ին և 2-րդ գոտու)։ 1 անձի հաշվով տրվում է մինչև 5 մլն դրամ աջակցություն` կախված տվյալ բնակավայրում բնակարանների ու տների շուկայական գների պաշտոնական վիճակագրությունից։

Տարբեր գնահատականներով` ծրագրի ամբողջական արժեքը կազմելու է 1.5 - 2 մլրդ դոլար։

Ծրագրի առաջին փուլում ակտիվություն չէր նկատվում, շատերը դժգոհում էին հատկապես ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարտադիր պայմանից` մտավախություն ունենալով, որ այդկերպ կկորցնեն ԼՂ քաղաքացի լինելու և դրանից բխող իրենց իրավունքները։
Դավիթ Խաչատրյանը, սակայն, վստահեցնում է, որ այսօր արդեն որոշակի ակտիվություն նկատվում է։
«Մենք կարծում ենք, որ 2025թ–ի համար բավական բարձր և բուռն ներգրավվածություն ենք ունենալու, և հաջորդ տարվա վերջին, կարծում եմ, բավական մեծ թվով տնավորված հայրենակիցներ, ընտանիքներ կունենանք»,– կարծում է սոցապփոխնախարարը։
Զուգահեռաբար, 2025թ–ի ապրիլից սկսած ՀՀ կառավարությունը մտադիր է կրճատել բռնի տեղահանված արցախցիներին տրվող պետական աջակցության գումարը։ Ապրիլից սկսած` այսպես կոչված «40+10»–ի ծրագիրը կդադարեցվի։ Ամսական 40–հազարական դրամ կստանան միայն անչափահասները, կենսաթոշակառուներն ու 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։ Հուլիսից սկսած մինչև տարեվերջ աջակցությունը կկազմի արդեն 30 հազար դրամ։
ԼՂ–ից բռնի տեղահանված միայնակ անժառանգ տարեցները ևս կօգտվեն բնակարանային ապահովման ծրագրից
Իսկ 2026թ–ից պետական աջակցութունն ընդհանրապես կդադարեցվի` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ որոշակի սոցիալական խավերի համար նախատեսված պետական աջակցություններն ու սոցիալական վճարումները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին հարցրինք` արդյոք աջակցությունների կրճատումն ու հատկապես դադարեցումը չի՞ բերի սոցիալական իրավիճակի սրման։
«Եթե տարեվերջին այնպիսի ցուցանիշներ կունենանք, որոնք կփաստեն, որ լինելու են սոցիալական բուռն կամ լայն խնդիրներ, ապա դրանք միանշանակ կհասցեագրվեն։ Սա ինքնանպատակ չէ, և մինչև 2026թ–ի դադարեցումը սահուն անցում պետք է ապահովվի։ Եվ եթե լինեն չլուծված խնդիրներ, իհարկե, այդ ուղղությամբ պետք է որոշակի աշխատանքներ տարվեն»,– պատասխանեց Դավիթ Խաչատրյանը։
Նա նաև հայտնեց, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից, հոկտեմբերի տվյալներով, 24-25 հազարն ունեն աշխատանք։
«Սա նշանակում է, որ միջինը յուրաքանչյուր ընտանիքում կա աշխատող` եթե ոչ երկու, ապա գոնե մեկը։ Եվ պետք է ասեմ, որ աշխատավարձի չափը մեր հանրապետական միջինից գրեթե չի տարբերվում։ Այսինքն` այնքան է, որքան ՀՀ այլ քաղաքացիներինը»,– նշեց Խաչատրյանը։
Արցախից բռնի տեղահանվածներից քանի՞սն են ՀՀ–ում գրանցված որպես ձեռնարկատեր. ՊԵԿ–ի տվյալները
Հիշեցնենք` 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագիրը մեկնարկել է Արցախի հայաթափումից 1-1.5 ամիս անց` 2023թ–ի նոյեմբերից։ Աջակցությունը տրվել է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով` որպես կեցության ու բնակարանի վարձակալության գումար։