Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է. նա կարող է ազատ տեղաշարժվել

Արթուր Սուքոյան
Դեկտեմբերի 25-ին դատական նիստ է տեղի ունեցել, հարցաքննվել են տուժողն ու վկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Արթուր Սուքոյանի ազատ տեղաշարժը սահմանափակված էր, պարտավոր էր շաբաթական 3 անգամ ներկայանալ պրոբացիայի ծառայություն, ժամային առումով արգելք կար դրված, ինչպես նաև իրավունք չուներ գտնվել այնպիսի տեղերում, որտեղ կարող էր հանդիպել տուժողի հետ։ Այժմ այդ ամենը վերացվել է, որևէ սահմանափակում չի գործում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։
Նա ընդգծեց, որ այսօրվա դատական նիստով ավարտվել է ապացույցների հետազոտման փուլը, այդ թվում հարցաքննվել են տուժող Դավիթ Լևոնյանը և վկան։ Ուստի շուտով կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Արթուր Սուքոյանի և Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև վիճաբանություն էր եղել Ազգային ժողովի շենքի տարածքում, Սուքոյանը հարվածել էր լրագրողին։ Ըստ տեղեկությունների՝ Սուքոյանին զայրացրել էր լրագրողի հրապարակումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին։
Միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը)։ Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող։ Ըստ ՔԿ–ի` վիճաբանության ընթացքում Սուքոյանը ձեռքով հարվածել է լրագրողի դեմքին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք, հարվածի հետևանքով նա ընկել է՝ վնասելով ձեռքի տեսախցիկը։
Սուքոյանը 2 ամիս ժամկետով կալանավորվեց մայիսի 2-ին, ավելի ուշ կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ խափանման միջոցը փոխվել է, և Սուքոյանն ազատ է արձակվել։