Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է աշխատանքից

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից, Արմենիա Sputnik-ին հայտնեցին էկոնոմիկայի նախարարությունից։
Դեկտեմբերի 16–ին հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՀՀ դատախազությունը դեկտեմբերի 9-ին տեղեկացրել էր, որ արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։
Փաշինյանը նույն օրը հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։
Դեկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։
Հավելենք, որ դեկտեմբերի 4–ին Հովիկ Աղազարյանը հայտնեց ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին, ավելի ուշ նրան հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։