ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Տեղեկությունը հրապարակվել է խմբակցության ֆեյսբուքյան էջում։
Այսօր առավոտյան պատգամավորը հայտնել էր, որ ի աջակցություն Հովիկ Աղազարյանի ինքը ևս հեռանում է ՔՊ խմբակցությունից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա փոշմանել է։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»,– ասված է ՔՊ–ի հայտարարությունում։:
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 24News-ի հետ զրույցում ասել է` այն անձը, որը կպաշտպանի արտահոսքեր կատարած նախկին ՔՊ–ական Հովիկ Աղազարյանին, կարժանանա այդ ճակատագրին։
«Կար պարոն Աղազարյանը, ով արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, ինչը ապացուցված է փաստերով։ Եվ ցանկացած դրվագ, որտեղ որևէ մեկը կպաշտպանի այդ պրոցեսսը, բնականաբար, պետք է արժանանար այս ճակատագրին»,– նշել է նա։
ՔՊ վարչությունը կքննարկի նաև Ասլանյանին կուսակցությունից հեռացնելու հարցը։
Արթուր Հովհաննիսյանը հավելել է, որ ինչպես ինքն է հասկացել, Ասլանյանը մանդատը վայր դնելու մտադրություն չունի։