Լիբանանի ԱԳՆ–ն դատապարտել է Գոլանի բարձունքների սիրիական հատվածի գրավումը Իսրայելի կողմից

Լիբանանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Իսրայելի գործողությունները և վերջ դնել դրանց՝ ճնշում գործադրելով Թել Ավիվի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Լիբանանը դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ կապված Գոլանի բարձունքներում և հարակից սիրիական տարածքներում Սիրիայի հետ սահմանին չեզոք գոտու գրավման հետ։
Դամասկոսից 20 կմ–ի վրա իսրայելական տանկեր են նկատվել. ԶԼՄ
Լիբանանի ԱԳՆ–ի այսօր հրապարակած հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման գործողությունները հերթական ագրեսիան են Սիրիայի ինքնիշխանության դեմ և խախտում են միջազգային իրավունքը այդ երկրի համար դժվարին ժամանակահատվածում։
Լիբանանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Իսրայելի գործողությունները և վերջ դնել դրանց՝ ճնշում գործադրելով Թել Ավիվի վրա։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գոլանի բարձունքներն ընդմիշտ կմնան Իսրայելի «անբաժանելի մասը»: Միևնույն ժամանակ Իսրայելի բանակը հատել է Սիրիայի հետ սահմանը և գրավել Գոլանի բարձունքների սիրիական Կունեյտրա նահանգում գտնվող և չեզոք գոտի հանդիսացող տարածքի մի մասը:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ Իսրայելի հայտարարությունները շարունակում են հակասական մնալ։ Նա ընդգծել է, որ անհասկանալի է, թե այդ տարածքի որ հատվածն է Իսրայելը համարում իրենը։
Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների չեզոք գոտու գրավումը
Հիշեցնենք, որ մինչև 1967 թվականը Գոլանի բարձունքները Սիրիայի մաս էին կազմում, սակայն վեցօրյա պատերազմի ժամանակ գրավվեցին Իսրայելի կողմից։ 1973 թվականի Ահեղ դատաստանի պատերազմից հետո կողմերը համաձայնություն կնքեցին զորքերի բաժանման մասին, իսկ 1974 թվականին Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահները։ Սահմանազատման գիծը ստացավ «Բրավո» (սիրիական կողմից) և «Ալֆա» (իսրայելական կողմից) անվանումները։
Չեզոք գոտին նվաճելուց հետո Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանի բարձունքներում Սիրիայի հետ ուժերի անջատման մասին համաձայնությունը, որը ձեռք էր բերվել 1973 թվականի Ահեղ դատաստանի պատերազմից անմիջապես հետո, ուժը կորցրել է, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը: