Դամասկոսից 20 կմ–ի վրա իսրայելական տանկեր են նկատվել. ԶԼՄ

ՑԱԽԱԼ–ի զինտեխնիկան այժմ գտնվում է Քաթնա քաղաքից 3 կմ հեռավորության վրա, ասվում է հրապարակման մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Դամասկոսից մոտ 20 կմ հեռավորության վրա իսրայելական տանկեր են նկատվել: Այս մասին հայտնում է Al Mayadeen-ը։
«Իսրայելական տանկերն առաջ են անցել Կունեյտրա քաղաքի մոտով և այժմ գտնվում են Դամասկոսի ծայրամասում»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ՑԱԽԱԼ–ի զինտեխնիկան այժմ գտնվում է Քաթնա քաղաքից 3 կմ հեռավորության վրա։
Սիրիան ներկայիս իշխանության հրահանգով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Իսրայելի ագրեսիան դադարեցնելու կոչով։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ընդլայնել է անվտանգության գոտին 1973 թվականին Ահեղ դատաստանի պատերազմից հետո սահմանված սահմանազատման գծից այն կողմ։
Ամեն ինչ թանկացել է. Սիրիայում այլևս չեն գործում հացի ու բենզինի կտրոնները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Սիրիայի հետ Գոլանում ուժերի անջատման համաձայնագիրը կորցրել է ուժը, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը։ Նա պարզաբանել է, որ պաշտպանության նախարարի և նախարարների կաբինետի աջակցությամբ հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին գրավել սահմանազատման գոտին։
Բաշար Ասադի՝ Սիրիայի նախագահի պաշտոնից հեռանալու և զինված ընդդիմության կողմից տարածքի մի մասի զավթման ֆոնին Իսրայելն ակտիվացրել է Գոլանի բարձունքներում պաշտպանության ամրապնդումը։
Հիշեցնենք, որ մինչև 1967 թվականը Գոլանի բարձունքները Սիրիայի մաս էին կազմում, սակայն վեցօրյա պատերազմի ժամանակ գրավվեցին Իսրայելի կողմից։ 1973 թվականի Ահեղ դատաստանի պատերազմից հետո կողմերը համաձայնություն կնքեցին զորքերի բաժանման մասին, իսկ 1974 թվականին Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահները։ Սահմանազատման գիծը ստացավ «Բրավո» (սիրիական կողմից) և «Ալֆա» (իսրայելական կողմից) անվանումները։
Թուրքիայի էքսպանսիան վտանգավոր ծավալներ է ստացել. փորձագետները՝ կովկասյան սցենարների մասին