Սիրիական բանակը Պալմիրայի վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները որևէ կերպ չի մեկնաբանում։ Ահաբեկիչների զինված ջոկատներն այսօր Հոմս նահանգի արևելքում գտնվող Պալմիրա քաղաք են մտել։ Սա երրորդ անգամն է 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց ճգնաժամը Սիրիայում, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
««Սիրիայի ազատ բանակի» ջոկատները, որոնց աջակցում է ԱՄՆ- ն, կառավարական ուժերի հետ բախումներից հետո գրավել են պատմական Պալմիրա քաղաքը Հոմս նահանգի արևելքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում զինված գրոհայինները նկարահանում են իրականացնում Պալմիրայի միջնաբերդի բարձունքից և կադրից դուրս հայտարարում, թե իբր մտել են քաղաք:
Սիրիական բանակի հրամանատարությունը Պալմիրայի վերաբերյալ որևէ հայտարարություն չի հրապարակել, որը կարող էր հաստատել կամ հերքել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի աղբյուրների տեղեկությունը:
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Դոհայում կայացել են «Աստանայի եռյակի» բանակցությունները, որոնց արդյունքում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Սիրիայի իշխանություններին և օրինական ընդդիմությանը երկխոսության կոչ են արել, ինչպես նաև հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:
Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:
* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: