Արդարադատության ոլորտի «մաքրումը» շարունակվում է․ Փաշինյանը հեռացրել է 2 պաշտոնյայի

Նշենք, որ և՛ Մնացականյանը, և՛ Նիկոյանը արդարադատության նախարարությունում նշանակվել էին նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արդարադատության ոլորտում պաշտոնանկություններ անել։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am հարթակից։
Հայտնել ենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում սեպտեմբերին ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը, իսկ հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Բայց դա միայն սկիզբն էր. ՀՀ կառավարության նոյեմբերի 15–ի նիստում վարչապետը հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Ավելին` նա ասաց, որ այլևս խորհրդակցություններ չի անելու, այլ միայն որոշումներ է կայացնելու։
Եվ այսպես, Փաշինյանի որոշմամբ այսօր աշխատանքից ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Արսեն Մնացականյանը։
Մնացականյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականի հունվարի 26-ից։ Նա ավելի քան 10 տարի աշխատել է հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում։
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ պաշտոնանկ է արվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Արամ Նիկոյանը։
Համակարգի «ռեստարտ»՝ ընտրական փուլից առաջ. քաղաքագետը` պաշտոնանկությունների մասին
Նա Պրոբացիայի ծառայության պետ էր նշանակվել 2023 թվականի սեպտեմբերի 18-ին։ Մինչ այդ Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարն էր։
Նշենք, որ և՛ Մնացականյանը, և՛ Նիկոյանը արդարադատության նախարարությունում նշանակվել էին նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման շրջանում։