Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և լրտեսության համար դատապարտվել 18 տարվա ազատազրկման

Ըստ մեղադրանքի՝ Գալստյանն ունեցել է Սարխան մականունը և 2020-23 թվականներին օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին տեղեկություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից:
Դատական ակտը քիչ առաջ հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Եվ քանի որ հանրային մեղադրողն իր ճառում միջնորդել էր Գալստյանին դատապարտել ցմահ ազատազրկման, դատախազությունը կբողոքարկի դատավճիռը։
Նշենք, որ Սարգիս Գալստյանը 2018-2023 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղում։ Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել, կրթության նախարարությունում՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Սամվել Շահրամանյանն ու լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը առերեսվել են. ԶԼՄ
Ըստ մեղադրանքի՝ Գալստյանը ունեցել է Սարխան մականունը և 2020-23 թվականներին օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել ԼՂ տարածքում տիրող սոցիալ-տնտեսական, բնակչության տրամադրությունների, ռազմական գործողությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի, սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին տեղեկություններ:
Հիշեցնենք` 2023թ–ին Արցախի հայության բռնի տեղահանումից հետո Սարգիս Գալստյանը կնոջ հետ էր մնացել Ստեփանակերտում` որպես պարետ, չնայած այդ ժամանակ արդեն մի քանի տասնյակ հայ էր մնացել Արցախում։ Գալստյանների ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2024 թվականի մարտի 29-ին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։ ՀՀ սահմանը հատելուց հետո նրանց ձերբակալել էին, բայց Գալստյանի կնոջն ավելի ուշ ազատ էին արձակել, իսկ անձամբ իրեն մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում լրտեսության համար մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել կալանքը։