ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Պետական խորհրդանիշների հարցում պետք է զգուշավոր լինել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` մեկնաբանելով ՀՀ պետական հիմնը փոխելու վերաբերյալ ՔՊ–ի օրենսդրական նախաձեռնությունը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ` Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը, հանդես են եկել «Հայաստանի օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ։ Օրինագծի հեղինակները մասնավորապես առաջարկում են օրհներգի վերջին քառատողը տեղափոխել առաջին քառատողից հետո, որպեսզի օրհներգն ավարտվի ոչ թե ներկայիս «բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի» բառերով, այլ «թող միշտ պանծա Հայաստան», կամ, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ` «համապատասխան տրամաբանությամբ և ուղերձով»:
Աշոտ Մելքոնյանը Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործության հիման վրա ստեղծված ՀՀ օրհներգի հերթական խմբագրման տարբերակին ընդհանուր առմամբ դեմ չէ։ Բայց որպես պատմաբան` կողմ է ավանդույթների պահպանմանը։
«Հիմա շատ է խոսվում, որ «Մեր հայրենիքը» երաժշտական տոնայնության առումով դեպի անկում է տանում, գեղեցիկ չէ, հիմնի նման չէ, կամ որ զինանշանը ճիշտ խորհրդանիշներից չէ բաղկացած։ Ժամանակին նույնիսկ Սիմոն Վրացյանն է խոստովանել, որ Առաջին հանրապետության խորհրդարանում այն ժամանակավորապես է ընդունվել, և պատգամավորներն էլ ասում էին` մեր զինանշանը կարծես գազանանոց լինի, պետք է ժամանակի ընթացքում փոխել։ Բայց երբ այդ դրոշով, զինանշանով արդեն պատմություն է կերտվել, եթե ամեն մի իշխանություն պիտի գա ու ազգային սիմվոլների հարցում փորձի իր «ներդրումը» անել, ազգայինից ոչինչ չի մնա. ավանդույթը ամբողջությամբ կխախտվի»,– նշում է պատմաբանը։
Պետական խորհրդանիշների դեմ բերվող փաստարկներին Աշոտ Մելքոնյանը հակադարձում է այլ երկրների օրինակով։
«Գնացեք, Ճապոնիայի հիմնը լսեք։ Չեք հասկանա, թե դա ինչ երաժշտություն է։ Հիմնի ընդհանրաապես նման չէ։ Բայց իրենք դրան կարևորություն չեն տալիս։ Կամ երկրներ կան, որոնց դրոշներն այնքան պարզունակ են, ոչինչ չասող, բայց մարդիկ դրանց ձեռք չեն տալիս, որովհետև դա իրենց պատմության հետ է կապված»,– նշում է Մելքոնյանը` հավելելով, որ իշխանությունները պետք է ազգային ավանդույթի նկատմամբ վերապահ լինեն։
Մեր զրուցակիցն արձանագրում է, որ 1918-20թթ–ին մեր նախնիները եռագույն դրոշի ներքո են պաշտպանել հայրենիքն ու հաղթանակներ տոնել։ Հայ մարզիկներն էլ այռ այսօր այդ հիմնի հնչյունների ներքո են կանգնում պատվո պատվանդանին` ի տես և ի լուր աշխարհի տոնելով իրենց մարզական հաղթանակը։
«Հուզվել, արտասվել են, երբ այդ եռագունը իրենց ուսերին կանգնել են պատվանդանի ամենաբարձր աստիճանի վրա։ Ինձ երբ որ հարցնում են` դուք ի՞նչ կարծիքի եք դրոշն ու հիմնը փոխելու մասին, ես ասում եմ` այդ դրոշը ձեռքիս ու հիմնը շուրթերիս ես կանգնել եմ Արարատի գագաթին` 5165 մ բարձրության վրա։ Հիմա ես ո՞նց այդ ամբողջը ջնջեմ։ Չի կարելի պատմությունը, եղածը ջնջել։ Պետք է ստեղծել նորը` չհակադրելով դա նախորդին, այլ փորձելով դրանց մեջ օրգանական կապ գտնել»,– ասում է Աշոտ Մելքոնյանը։
Նշենք, որ ՔՊ–ական պատգամավորների հեղինակած նախագիծը նոյեմբերի 4-ից հետո է դրվել շրջանառության մեջ։ Այն դեռ ընդգրկված չէ ԱԺ–ի ութերորդ գումարման նստաշրջանի օրակարգում։