Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով փորձել են 14 500 տուփ ծխախոտ ներկրել

ՀՀ քաղաքացին ծխախոտները դատարկել է սահմանի մոտ՝ փորձելով դրանք առանց մաքսային հսկողության տեղափոխել։
Sputnik
ՀՀ քաղաքացին փորձել է Իրանից մաքսանենգ ճանապարհով 29 արկղ ծխախոտ տեղափոխել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
ՊԵԿ-ն օպերատիվ տվյալներ է ստացել, որ «Ագարակ» մաքսակետի տարածքում՝ մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված ռենտգեն սարքավորման հետնամասում, պետական սահմանին կից կա մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։
Արդյունքում հայտնաբերվել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների 29 արկղ, որոնց մեջ եղել են 14500 տուփ «VAN», «Marlboro Nano», «Marlboro», «LAMER», «Wisdom» գրառմամբ ծխախոտներ:
Պարզվել է, որ հայտնաբերված ծխախոտի խմբաքանակը, հնարավոր է, պատկանում է ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ին։ Նա օրերս իր բեռնատարով Իրանից Հայաստան է տեղափոխել նշված ծխախոտները: Քաղաքացին 14500 տուփ ծխախոտը դատարկել և թաքցրել է պետական սահմանի մոտ՝ նպատակ ունենալով շրջանցել մաքսային հսկողությունը և դրանք տեղափոխել ՀՀ պետական սահմանով, ինչի վերաբերյալ նա տվել է հայտարարություն։
Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և ներկայացվել ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։