Ռեֆորմին ադապտացիոն շրջան է պետք․ Տիգրան Ավինյանը՝ քաղաքացիների դժգոհությունների մասին

Տիգրան Ավինյան
Քաղաքապետը ներողություն է խնդրում երևանցիներից այս երկու ամիսների դժվարությունների համար ու խոստանում, որ հետո լավ է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Քաղաքային իշխանությունը կատարվող փոփոխություններով միայն մեկ խնդիր է լուծում՝ հանրային տրանսպորտի որակի խնդիր, և յուրաքանչյուր ռեֆորմ որոշակի ադապտացիոն շրջան պետք է անցնի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի վճարային համակարգում կատարվող փոփոխություններին և մարդկանց
«Ես հասկանում եմ, որ այս երկու ամսվա ընթացքում այդ դժվարություններն ունենալու ենք»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետը նշեց, որ հայցում է երևանցիների ներողամտությունը և խոստանում՝ այս ամենից հետո բարեփոխված տրանսպորտ ենք ունենալու։
Նա հիշեցրեց` հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգի ներդնումը ենթադրում է նոր տեսակի վճարային համակարգեր, նոր սակագներ տարբեր ժամանակահատվածների համար՝ օրական, շաբաթական, ամսական։
«Մենք արդեն 30-40 տարի է՝ վճարում ենք 100 դրամ»,- նշեց Ավինյանը՝ խոսելով նաև սպասվող սակագնային փոփոխությունների մասին։
Նա անդրադարձավ նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնած ստորագրահավաքին։
«Ինչո՞ւ էր Մարությանն իր ղեկավարման օրոք գնում գազելներ, որոնց 30-40 տոկոսն այսօր անսարք են»,– ասաց Ավինյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 1-ից Երևանի հանրային տրանսպորտից` MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։
Նույն օրը պարզ դարձավ, որ քաղաքացիներից շատերը պատրաստ չէին այս փոփոխությանը և չունեին 100 դրամանոց մետաղադրամ ու ներբեռնած հավելված։
Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը նոյեմբերի 3-ին հայտարարեց, որ հունվարի 1-ից Երևանում նախատեսվող տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաք է սկսվում։