ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում զգալիորեն նվազել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, ըստ նախորդ տարվա տվյալների, մոտ 5000-ով պակասել է»,– նշեց նա` հավելելով, որ այս տարվա տվյալները դեռ չեն ամփոփվել։
Նրա խոսքով՝ այսօր մարզում նույնիսկ աշխատուժի պակաս կա, ու պատճառը քիչ աշխատավարձը չէ։
«Ցավոք, վատ «ավանդույթներն» էլ իրենց տեղն ունեն, ոմանք, օրինակ, նախընտրում են չաշխատել նպաստից չկտրվելու համար։ Արտագնա աշխատանքի մեկնելն էլ շատերի համար տարիներով արմատավորված սովորություն է»,– հավելեց մարզպետը։
Ըստ Սարգսյանի` Գեղարքունիքում ակտիվացել է ներքին միգրացիան․ շատերը, օրինակ, աշխատում են Երևանում կամ երևանամերձ մարզերում, բայց ընտանիքները գյուղերում են մնում (արտագնա աշխատանքի դեպքում էլ պատկերը նույնն է, անգամ դրսում աշխատած գումարները մարդիկ էլի գյուղերում են ներդնում, տները վերանորոգում)։
Սահմանամերձ գյուղերում նկարահանումների ժամանակ մեր աչքից չվրիպեց, որ հողագործական, շինարարական աշխատանքներում անգամ հնդիկներ են ներգրավված։
Գեղարքունիքում աշխատող հնդիկներ
© Sputnik / Aram Nersesyan
Մարզպետի խոսքով՝ վերջին 2 տարիների ընթացքում մարզում 2 տասնյակից ավելի մասնավոր ներդրումային ծրագրեր են իրականացվել՝ 20 միլիարդից ավելի ընդհանուր արժողությամբ։ Ներդրումները հիմնականում տուրիզմի ոլորտում են և ջերմոցային տնտեսություններում։ Այս ծրագրերի արդյունքում ստեղծվել են ավելի քան 300 մշտական աշխատատեղեր։
«Ջերմոցները հիմնականում Սևան խոշորացված համայնքում են՝ հաշվի առնելով գազի մատակարարման բարձր թողունակությունը։ Մենք նախկինում մտածում էինք, որ մեր մարզը ջերմոցային տնտեսությունների համար այնքան էլ հարմար չի լինի՝ հաշվի առնելով ձմռան երկար լինելը, բայց պարզվում է՝ մեր մարզն ավելի բարենպաստ է ջերմոցային տնտեսություն ունենալու համար՝ ծովի մակերևույթից բարձր լինելը, ուլտրամանուշակագույն ճառագայթների ընդունելը և այլն»,- նշում է մարզպետը։
Նրա խոսքով՝ զբոսաշրջային հոսքն էլ վերջին տարիներին դրական ցուցանիշներ է գրանցում։ Այսօր տարբեր ծրագրեր են իրականացվում մարզի գրեթե բոլոր 98 բնակավայրերում։ Առաջնահերթությունը սահմանամերձ գյուղերին է տրվում՝ փորձելով դրանցում բնակվելու պայմանները բարելավել ու մոտեցնել ոչ սահմանային բնակավայրերին։
«Առաջնահերթությունների ցանկ ունենք, որոնք լուծելով առաջ ենք գնում։ Առաջին հերթին` խմելու ջուր, ոռոգման համակարգ, որ կարողանան իրենց ունեցած պոտենցիալը՝ վարելահողերը օգտագործել և հավելյալ արժեք ստեղծել, դրանից հետո ճանապարհաշինություն, լուսավորություն, մանկապարտեզ»,- նշեց մարզպետը։
Սոթք
Ծրագրերից շատերն իրականացվում են Սոթքում՝ հաշվի առնելով նաև բնակչության թիվը։ Սահմանամերձ Սոթքը, որտեղ այսօր 920 մարդ է ապրում, Վարդենիսի տարածաշրջանի խոշոր բնակավայրերից է։ Վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ նաև Սոթքն ու հարևան մի քանի գյուղերն էին հայտնվել թշնամու գնդակոծությունների թիրախում, շուրջ 100 մարդ հեռացավ գյուղից։ Գյուղում մի քանի արցախցի ընտանիք է ապրում, բայց բոլորն էլ 2020թ․-ի եկածներ են։ 2023թ․-ին Արցախի բռնի տեղահանությունից հետո Սոթքում որևէ արցախցի չմնաց։ Գյուղի դպրոցն այսօր 130 աշակերտ ունի, մանկապարտեզ 24 երեխա է հաճախում։
Արդեն տևական ժամանակ է՝ գյուղում կրակոցներ չեն լսվել։
«Խնդիրներ կան, բայց քիչ-քիչ առաջ ենք գնում»,- ասում է վարչական ղեկավարը։
Սևակ Խաչատրյան
© Sputnik / Aram Nersesyan
Գյուղում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները, խմելու ջրի ցանց է կառուցվել, լուսավորություն անցկացվել, ոռոգման մի քանի ցանց է կառուցվել և այլն (բոլոր աշխատանքներում փորձում են ներգրավել տեղացիներին՝ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու համար)։ Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված բոլոր տները վերանորոգվել են՝ շուրջ 160, 4-ը հիմնովին են նորոգվել։ Բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը հողագործությունն է (կարտոֆիլի մշակություն) և անասնապահությունը։ Դիտարկվող հողատարածքներ կան, որոնք նույնպես մշակվում են։
«Մեր երեսն ավելի պինդ է»,- ասում է Խաչատրյանը։
Անասնապահության ծավալները 2020-ից հետո մոտ 70 տոկոսով կրճատվել են։
«Արոտավայրեր կան, բայց մի քիչ վտանգավոր է, մարդիկ դեռ պատրաստ չեն երկարատև ներդրում անել»,- նշում է նա և ավելացնում, որ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ շատերը ցածր գներով անասուններին վաճառեցին։
Բնակիչներն աշխատում են նաև զորամասում, Սոթքի հանքում․ մինչև 2020թ․ դեպքերը գյուղից 40 մարդ էր հանքում աշխատում, հիմա նրանց թիվը գրեթե կեսով պակաս է (Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանի խոսքով՝ մարզպետի գլխավորությամբ բանակցություններ են ընթանում մարդկանց իրենց աշխատատեղերում վերականգնելու համար):
Գյուղից արտագնա աշխատանքի մեկնողները քիչ են՝ 3-4 ընտանիք, ձմռանն էլ վերադառնում են։
Կութ
Արտագնա աշխատանքի մեկնողները քիչ են նաև հարևան Կութ գյուղում։
«Մի 3-4 ընտանիքից են մեկնում, որովհետև երիտասարդներն էլ են քիչ, սովորաբար իրենք են գնում (մարզի տարբեր գյուղերում բնակիչները դժգոհում են, թե հիմա երիտասարդները 30-անց են դառնում, բայց ամուսնանալ չեն շտապում)», - ասում է վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը։
Հարևան Սոթքի համեմատությամբ բնակչությունը փոքր է՝ մոտ 150 մարդ։ Սեպտեմբերյան ագրեսիայից հետո 3 ընտանիք է գյուղից հեռացել, վարչական ղեկավարի խոսքով՝ 3-ն էլ բազմանդամ չէին, բայց ամեն հեռացողի հետ ցավում են։
Գրիգորի Ավագյան
© Sputnik / Aram Nersesyan
Դպրոցում 18 աշակերտ կա, այս տարի 1 առաջին դասարանցի են ունեցել, եկող տարի էլ 3 շրջանավարտ են ունենալու։ Գյուղում մանկապարտեզ չկա, ստիպված են հարևան Սոթք տանել՝ 4 կմ հեռու։
Այստեղ էլ եկամուտի հիմնական աղբյուրը հողագործությունն է, անասնապահությամբ զբաղվողները քիչ են։ Ասում է՝ գյուղում շատերը կան, որ տուն ունեն Երևանում կամ երևանամերձ մարզերում, բայց միևնույնն է՝ կապված են գյուղին ու հողին։ Գիտեն՝ իրենց գնալը գյուղի համար ցավոտ հարված է լինելու, սահմանն ամուր է ապրողներով։