ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Եղանակն այս տարի էլ հարված հասցրեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանին։ Հոկտեմբերին օրեր շարունակ անձրև էր տեղում՝ թույլ չտալով բերքը հավաքել, դրան էլ հաջորդեցին ձյունն ու 0-ից ցածր ջերմաստիճանը։ Արդյունքում բերքի մի մասը ցրտահարվեց։ Նման պատկեր է տարածաշրջանի բոլոր գյուղերում, որոնցից շատերում գյուղացիները ստիպված են հող մշակել թշնամու նշանառության տակ։
Կարտոֆիլի բերքահավաք Կութում
© Sputnik / Aram Nersesyan
Կարտոֆիլ մշակող խոշոր ֆերմերներից է Հակոբ Ավետյանը։ Նա շուրջ 60 հա հողատարածքներ ունի, որոնց մի մասը Սոթք գյուղում է։ Թեպետ բերքահավաքը դեռ չի ավարտվել, բայց մի քանի հեկտարը քանդելուց հետո պատկերն արդեն պարզ է՝ ամեն հեկտարից միջինը 25-30 տոննան ցրտահարված է, պիտանի չէ անգամ անասնակերի համար։ Դաշտերում թողնված տոննաներով կարտոֆիլից բացի, ըստ ֆերմերի, դեռ կարտոֆիլը սորտավորելիս էլ մեծ քանակի դեն է նետվում, որովհետև հավաքելու ընթացքում բոլոր ցրտահարված կարտոֆիլները չէ, որ տեսնում են ու թողնում դաշտում։ Ինչքա՞ն է վնասը գումարային տեսքով․ ֆերմերը վերջնական հաշվարկ դեռ չունի, նախնական գնահատում է 100-120 միլիոն դրամ։
Հակոբ Ավետյան
© Sputnik / Aram Nersesyan
«Եթե ֆերմերները տակ տվեցին, էլ հաջորդ տարի չեն կարողանա մշակել, որովհետև բոլորը բանկերում վարկեր ունեն։ Առանց էն էլ տակ են տալիս։ Միջինը 100-120 դրամով վաճառելով ինքնարժեքն էլ չի հանում »,- ասում է Ավետյանը։
Դաշտում թողած ցրտահարված կարտոֆիլը
© Sputnik / Aram Nersesyan
Նույն իրավիճակն է նաև սահմանամերձ Կութում. այստեղ էլ 1 հեկտարից միջինը 15 տոննան է ցրտահարված։ Գյուղի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանի խոսքով՝ այս տարի առանց այն էլ մի քանի հեկտարով նվազել էին կարտոֆիլի դաշտերը՝ մոտ 15 հա է ընդհանուր տարածքը, քանի որ տանջանքը շատ է, եկամուտը՝ ոչ համարժեք։ Դրան զուգահեռ ջրի խնդիր էլ կա՝ եթե տեսնում են` անձրևները շատ են, ռիսկ են անում, ցանում, բայց այս տարի էլ չափից դուրս շատ էին անձրևները։ Ասում են՝ վարձու աշխատանքն էլ է թանկացել, հիմա աշխատողներին օրական վճարում են 8000-10000 դրամ (2003-2004թթ․ 1000-1500 դրամ էր)։
Գրիգորի Ավագյան
© Sputnik / Aram Nersesyan
«Ֆինանսի հետ էլ է կապված․ եթե այս տարի տակ են տալիս, էլ հաջորդ տարի ռիսկ չեն անում, չեն ցանում»,- ասում է վարչական ղեկավարը։
Ֆերմեր Ստեփան Սարգսյանը ծնունդով Վարդենիսից է, աշխատում է Սոթքի ոսկու հանքում, բայց ինչպես ինքն է ասում՝ հող սիրող մարդ է, դրա համար էլ տարիներ առաջ Կութում հող գնեց, որ կարտոֆիլ մշակի։ Ձեռքով ցույց է տալիս հակառակորդի դիրքերը, ասում է՝ այնտեղ կանգնած են, բայց իրենց չի հետաքրքրում, իրենք իրենց հողն են մշակում, միայն թե եղանակն իր սև գործն արեց։
Ստեփան Սարգսյան
© Sputnik / Aram Nersesyan
«Սաղին ա էս հարվածը` ով կարտոշկա ա ցանել։ Մինչև -8 էր, հողը լրիվ սառել էր։ Ինչ հողի երեսին տենում եք, մի էդքան էլ տակն ա, խոնավ ա հողը, չի լինում հանել»,- ասում է Սարգսյանը։
Ֆերմերները կանխատեսում են՝ կարտոֆիլի լուրջ թանկացում կլինի, քանի որ միայն Վարդենիսի տարածաշրջանը հանրապետության կարտոֆիլի մի մեծ մաս է ապահովում՝ և՛ երկրի ներսում է վաճառվում, և՛ արտահանվում։ Բայց անգամ այս դեպքում, եթե գնորդներն առավելագույնը մի քանի հազար դրամ են տուժելու՝ ավելի թանկ վճարելով կարտոֆիլի համար, ապա ֆերմերների, կարտոֆիլի մշակությամբ զբաղվող գյուղացիների վնասներն ահռելի են։
Կարտոֆիլի բերքահավաք
© Sputnik / Aram Nersesyan
Գյուղացիները հույս ունեն, որ եղանակը բարեհաճ կգտնվի, արևոտ օրերը կշարունակվեն, որ հասցնեն բերքահավաքն ավարտին հասցնել։ Ասում են՝ եթե մի անգամ էլ ձյուն գա, բերքը կարելի է ամբողջովին կորցրած համարել, քանի որ նոյեմբերին Վարդենիսում եկած ձյունը այլևս չի հալվում։ Նաև հույս ունեն, որ պետությունը գյուղացու կողքին կկանգնի՝ վնասները գոնե մասնակի փոխհատուցելով։