Արդարադատության նախարարի նշանակման հարցը կարող է այսօր լուծվել․ Արմեն Խաչատրյան

Արմեն Խաչատրյան
Իշխանական պատգամավորն ինքնաբացարկ չի հայտնել, որովհետև պատրաստ է պատասխանատվություն ստանձնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր կրկին քննարկում է արդարադատության նախարարի նշանակման հարցը, ու չի բացառվում, որ հարցն այսօր էլ լուծվի։ Armenia Today-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը չցանկացավ խոսել այն մասին, թե որքանով է հավանական, որ իրեն ընտրեն, սակայն հիշեցրեց՝ սահմանված կարգով թեկնածու է առաջադրվել ու չի հրաժարվել։
Ըստ «Հրապարակ» թերթի` ՔՊ վարչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր նիստ է հրավիրելու, որ ավարտին հասցնի արդարադատության նախարարի ընտրության հարցը։ Թերթի տեղեկություններով` Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ու վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մտադիր են ինքնաբացարկ հայտնել, ինչը նշանակում է, որ մրցապայքարը կընթանա ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի և ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի միջև։
Խաչատրյանի խոսքով՝ ոլորտում աշխատանքը բավականին ծանր է, բայց ինքն այդ պաշտոնը զբաղեցնելու պատրաստակամություն ունի։ Ինքնաբացարկ չի հայտնել, որովհետև պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը։
Լրագրողը հետաքրքրվեց, թե Խաչատրյանն ինչ կարծիք ունի օրեր առաջ Ազգային ժողովում պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
«Սա ժողովրդավարության արտահայտման, ժողովրդավարական հասարակությանը բնորոշ ցայտուն օրինակ է, երբ պատգամավորը կարողանում է ուժային կառույցներին ասել այն, ինչ մտածում է, և ուժային կառույցներն էլ կարողանում են իրենց համապատասխան պարզաբանումները տալ, այս գործելաոճը համարում եմ նորմալ»,- նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան որոշումը։