ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքից ազատված անձանցից մի քանիսը կրկին աշխատում են այնտեղ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ է անում մարզպետարանը հանքի աշխատանքից ազատված աշխատակիցներին օգնություն ցուցաբերելու համար։
Նշենք, որ Սոթքի ոսկու հանքավայրը մինչև 2023 թվականի մայիս ամիսը շահագործվել է բաց եղանակով, սակայն արդյունահանումը դադարեցվել էր ադրբեջանական կողմի մշտական գնդակոծություններից հետո։ Արդյունքում հանքի 300-400 աշխատող կրճատվել էր։
«Այդ առումով մարզպետարանը հանքը շահագործող ընկերության հետ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել, որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի»,– նշեց Սարգսյանը։
Նա վստահեցրեց` այս պահին էլ աշխատողներ են ավելանում, այնպես որ, աշխատանքներ տարվում են։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ասել էր, որ ներկայում հանքում մոտ 200 մարդ է աշխատում, նախագծային հզորությանը հասնելու դեպքում նրանց թիվը կհասնի 500-ի:
Հիշեցնենք, որ Սոթքի հանքավայրը (ոսկու պաշարներով ամենամեծը Հայաստանում) շահագործում է «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը։