ՀՀ իրավապահները Երևանում հայտնաբերել են հատուկ կահավորված զանգերի կենտրոն, որում ներգրավված անձինք, չարաշահելով օտարերկրյա պետություններում գտնվող անձանց վստահությունը, հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կենտրոնի անձինք ինտերնետային հեռախոսազանգեր են հաստատել օտարերկրյա քաղաքացիների հետ և ներկայացել թե՛ որպես իրավաբանական ծառայություն մատուցող, թե՛ որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչ:
«Զանգերի կենտրոնի թիրախում են հայտնվել բացառապես օտարերկրյա քաղաքացիներ, հատկապես նրանք, ովքեր արդեն իսկ դարձել էին խարդախության զոհ: Ձեռք բերելով անհրաժեշտ տեղեկություններ` կապ են հաստատել տուժած անձանց հետ և հայտնել, թե իբր իրենց կազմակերպությունն իրականացնում է հափշտակված ֆինանսական միջոցների բռնագանձման և վերադարձի գործընթաց, և դրա համար տուժած անձինք պետք է վճարեն տարաբնույթ միջնորդավճարներ»,– նշում են ոստիկանությունից:
Պարզվել են հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունը, դերային բաշխման մեխանիզմը, հանցավոր մեխանիզմի շրջանակում օգտագործվող կեղծանունները:
Որոշվել է խուզարկություն կատարել հոկտեմբերի 12–ին` կեսգիշերից քիչ անց, քանի որ ժամային գոտիների տարբերությունը հաշվի առնելով` հանցավոր կազմակերպության անդամները օտարերկրացի պոտենցիալ տուժողների հետ կապ են հաստատել հենց գիշերը:
Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են էլեկտրոնային ապացույցներ, ինչպես նաև քրեական վարույթով հնարավոր տուժողների և ենթադրյալ հանցավոր կազմակերպության անդամների վերաբերյալ տվյալներ:
Պարզվել է նաև, որ հանցավոր կազմակերպությունը հարկային մարմիններից թաքցրել է իրական գործունեության տեսակն ու եկամուտների չափը` խուսափելով հարկային մի շարք վճարումներից` պետությանը պատճառելով նյութական վնաս:
Այժմ ոստիկանությունը համագործակցում է օտարերկրյա իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են: