ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի ճակատագրին է արժանանալու նաև քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, որի բացահայտումները ՔՊ-ականների ապօրինությունների մասին երեկ իրարանցում էին առաջացրել ԱԺ-ում:
Հայտնել ենք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև։ Բանը հասավ փոխադարձ վիրավորանքներին, հայհոյանքներին, անգամ Աղազարյանի կողմից «աջից հարված» ստացավ միկրոֆոնը։
Թերթը գրում է, որ այս ամենի հետևում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, որը հեռուն գնացող մտքեր ունի. նա ցանկանում է իրավապահ կառույցները մաքրել իրեն չենթարկվող կերպարներից, միևնույն ժամանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջնորդավորված համոզելով, որ իր մերձավոր ՔՊ-ականներին նշանակի այդ պաշտոններում:
Ի դեպ, Քոչարյանը դա այս անգամ ևս, ինչպես Գրիգոր Մինասյանի դեպքում, անում է Արփի Դավոյանի օգնությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ երբ Քյարամյանը ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից, պատգամավոր Արփի Դավոյանի օգնականը, որը նստած էր պատգամավորի կողքին, (անհասկանալի է` ինչու) Քյարամյանի հասցեին ռեպլիկ է բաց թողել։
«Համբալի «կուռաժիտ» լինելը նայեք»,–ասել է Դավոյանի օգնականը։
Դա լսելի է եղել ոչ միայն Քյարամյանի, այլև դահլիճում նստածների համար, և պատճառ է դարձել, որ ՔԿ նախագահը հունից դուրս գա։
Հավելենք, որ ըստ «Ժողովուրդ»–ի` ՔՊ–ականների սև ցուցակում է հայտնվել նաև ՀՀ գլխավոր դատախազը։
«Մինասյանից և Քյարամյանից հետո ՔՊ պատգամավորների թիրախում է հայտնվելու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Նրա դեմ աշխատում է Արսեն Թորոսյանը, ում մասով կա հարուցված քրգործ, սակայն պատգամավորը մինչ օրս մեղադրյալ չէ»,–գրում է թերթը:
Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան որոշումը։