ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ում Հայաստան ժամանողներն այսուհետև կարող են օգտվել «Կանաչ ուղի» և «Կարմիր ուղի» նշագրմամբ նոր ցուցանակների QR կոդերից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Կանաչ ուղի» և «Կարմիր ուղի» ցուցանակները նախկինում էլ են եղել, սակայն այժմ դրանք լուսավորվել են։
«ՀՀ ժամանած ուղևորները, օգտվելով QR կոդերից, կանցնեն ՊԵԿ կայքէջ, որտեղ էլ հակիրճ կարող են ծանոթանալ մաքսային հսկողության ոլորտի ուղեցույցներին և ընդհանուր օրենսդրությանը։ Ըստ դրա էլ քաղաքացիները կկարողանան ընտրել, թե որ ուղին է իրենց ավելի հարմար»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային հսկողության գոտում բացի նոր ցուցատախտակների տեղադրումից, կատարվել է տեխնիկական համալրում։ Նոր ռապիդ սկան սարք է տեղադրվել ուղեբեռների ստուգման հատվածում, ինչի շնորհիվ ավելի խորացված տեղեկատվություն է ստացվում։
Գործընթացներն արվել են ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողութան բաժնում, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի աջակցությամբ։