Մեղրիում մահացած զինծառայողը վերջին անգամ մոր հետ է խոսել. մանրամասներ

Զինվորական գլխարկ
Աղասին 2024 թվականի հունվարին էր զորակոչվել բանակ, 19 տարին էլ դեռ չէր լրացել։ Բանակ գնալուց առաջ գյուղատնտեսությամբ է զբաղվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Մեղրիում զորամասի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած Աղասի Դալլաքյանը դեպքի օրը տեսազանգով մոր հետ է զրուցել, ասել, որ ամեն ինչ կարգին է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Մուսայելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Թեհմինա Սոլախյանը։
ՊՆ–ն երեկ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Ըստ ՔԿ–ի` վնասվածքը եղել է զինծառայողի կզակի շրջանում։ Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր, տան ավագ զավակը։
«Աղասիի մայրը` Գոհարն ասում է, որ երեկ առավոտյան տեսազանգով զրուցել է որդու հետ: Ամեն ինչ լավ է եղել, տղայի մոտ արտասովոր ոչինչ չեն նկատել ընտանիքի անդամները: Աղասին ասել է` ձեզ հետ խոսեմ, հետո հորս էլ զանգեմ ( տղայի հայրը արտագնա աշխատանքի է մեկնել ՌԴ. խմբ), բայց այդպես էլ չի զանգել: Խոսակցության վերջում ասել է` ինչ-որ մեքենա եկավ, երևի սպա է, տեսնեմ` ով է, նորից կզանգեմ: Անջատել է ու այդպես էլ ոչ ոքի չի զանգել: Դրանից մոտ 10 րոպե անց մայրն է զանգել, բայց Աղասին զանգին չի պատասխանել»,- պատմել է դպրոցի տնօրենը։
Նրա խոսքով՝ Աղասին օրեր առաջ էլ ուսուցիչներին է զանգահարել ու շնորհավորել Ուսուցչի տոնի առթիվ, նրանց հետ զրույցում նշել է, որ ծառայությունը լավ է անցնում:
Բասեն գյուղի վարչական ղեկավար Հայկ Մնացյանն էլ լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ Աղասին 2024 թվականի հունվարին է զորակոչվել բանակ։
«Դեռ 19 տարին էլ չէր լրացել: Մինչև բանակ գնալն էլ գյուղատնտեսությամբ էր զբաղվում, օգնում էր ընտանիքին, անգամ խնդրել էր իր համար տեխնիկա գնել, որ բանակից վերադառնալուց հետո գյուղատնտեսությամբ զբաղվի», - ասել է նա:
Հիշեցնենք` Աղասի Դալլաքյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) ։
Հիշեցնենք՝ Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ։ Աղասին տան ավագ զավակն էր, իրենից փոքր դպրոցահասակ եղբայր ունի: