ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հավանական է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կնշանակվի ՀՀ արդարադատության նախարար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ ՔՊ խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Հերիքնազ Տիգրանյանը հրաժարվել են տեղափոխվել գործադիր և արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ում արդարադատության նախարարի պաշտոնում Գրիգոր Մինասյանին փոխարինող տարբեր թեկնածուներ են քննարկվում։ Կուսակցության վարչության նիստին շրջանառվել են Արփի Դավոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Հերիքնազ Տիգրանյանի անունները։
«Հերիքնազ Տիգրանյանը և Վլադիմիր Վարդանյանն ի սկզբանե իրենց թիմակիցներին հայտնել են, որ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր ու աշխատել արդարադատության նախարարի պաշտոնում, ուստի թիմակիցներին խնդրել են այլևս չդիտարկել իրենց թեկնածությունները»,–գրում է «Ժողովուրդը»։
ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ ԱԺ-ից տեղափոխվելու ծրագիր չունի, իր աշխատանքը շարունակելու է օրենսդիրում։ Հերիքնազ Տիգրանյանը ևս հայտնել էր, որ իր թեկնածությունն առաջադրվել էր արդարադատության նախարարի պաշտոնում, բայց ինքը հրաժարվել է։
Եվ ահա, ՔՊ-ում նախարարի թեկնածուների թիվը սեղմվել է, հիմնական քննարկումը Արփի Դավոյանի և Արուսյակ Ջուլհակյանի շուրջ է տեղի ունենում. Նշվում է, որ հավանական է Ջուլհակյանի նշանակումը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1–ին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց։ Դրանից օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք է սկսվել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար. ԶԼՄ-ներում նշվում էր, որ պատգամավորները դժգոհ են նախարարի կադրային քաղաքականությունից։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։