ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն մասնակցելու Մայր տաճարում սեպտեմբերի 28-ին և 29-ին կայանալիք արարողություններին։
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին կայանալու է Մյուռոնօրհնեքը, իսկ սեպտեմբերի 29-ին` վերաօծումը` Սուրբ սեղանի օրհնման և Սուրբ պատարագի արարողությունները։ Սեպտեմբերի 27-ին էլ տեղի է ունեցել Մայր տաճարի Նավակատիքը` դռնբացեքը, նաև օծվել են եկեղեցու սյուները։
Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ վերջինս չի մասնակցելու եկեղեցական այդ արարողություններին։
«Միաժամանակ շեշտեմ, որ երկրորդ նախագահը մշտապես ընդգծված հարգանք ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցու, նրա սպասավորների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,– նշեց Միկոյանը։
Սերժ Սարգսյանի գրասենյակից էլ «168 ժամ»–ին ասել են, որ վերջինս Մայր աթոռից հրավեր ստացել է` ներկա գտնվելու սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսված արարողություններին։ Նշվում է, որ ՀՀ երրորդ նախագահն անհնարին է համարում Հայաստանի գործող իշխաությունների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը։
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը, չնայած ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններին, հրավիրել է նրանց Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը։
Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Վահագն Խաչատուրյանը կիրակի օրը ներկա է լինելու Մայր տաճարում կատարվելիք արարողությանը։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ինքը հրավեր ստացել է, սակայն չի կարողանա մասնակցել, քանի որ պաշտոնական այցով Կանադայում է լինելու։ Օրերս հայտնի դարձավ, որ այդ այցը չեղարկվել է։ Սեպտեմբերի 27-ին Սիմոնյանի խոսնակը` Մովսես Հարությունյանը, լրատվամիջոցներին ասել է, որ առայժմ հստակ որոշում չկա ԱԺ նախագահի մասնակցության հարցի վերաբերյալ։