ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի բանակն անցած օրվա ընթացքում հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու` Ուկրաինայի ԶՈւ–ի հինգ փորձ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ն իր Telegram–ալիքում։
«Բանակային ավիացիայի և հրետանու կրակի աջակցությամբ հետ են մղվել հակառակորդի հինգ փորձերը՝ Ռուսաստանի Դաշնության սահմանը ճեղքելու Նովի Պուտ, Մեդվեժյե և Վեսյոլոե բնակավայրերի ուղղությամբ», - նշել են պաշտպանական գերատեսչությունում:
Պաշտպանության նախարարությունից նաև հավելել են, որ տվյալ ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմել են շուրջ 40 մարդ: Բացի այդ, ռուսական բանակը հաջողությամբ հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի հակագրոհները Կուրսկի մարզի այլ հատվածներում։
Ավելի վաղ Պն-ում հայտարարել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը գրոհի ողջ ընթացքում կորցրել են 13,1 հազար զինվորական, այդ թվում՝ ավելի քան 300 մարդ անցած օրվա ընթացքում: Նախարարությունից հավելել են, որ ոչնչացվել են ինժեներական տեխնիկա, ականազերծման միջոցներ, ինչպես նաև հակահրթիռային պայքարի միջոցներ: Ընդգծվել է նաև, որ Ռուսաստանի զինված ուժերի կողմից հակառակորդին Կուրսկից դուրս մղելու գործողությունը շարունակվում է: