Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ տարան շախմատի 45-րդ օլիմպիադայում

Շախմատի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի մինչև սեպտեմբերի 23-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ տարան շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
Տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Անդորրայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը:
Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Երրորդ տուրում տղամարդկանց հավաքականի մրցակիցները կլինեն բրազիլացիները, իսկ կանանց թիմը ՝ Հունգարիայի երկրորդ թիմը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 197 երկրների մեջ վարկանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը՝ 184 երկրների մեջ 11-րդ հորիզոնականը:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի մինչև սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։