Էլեկտրոնային հարթակներին միացած 20 հազար վարորդ արդեն գրանցվել է հարկային մարմնում

Տաքսին և ոստիկանական մեքենան
Վերջին տվյալներով՝ տաքսի ծառայությունների կողմից տրամադրվել է շուրջ 150 հազար էլեկտրոնային կտրոն՝ 192 մլն դրամ արժեքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. GG, Yandex, Utaxi և այլ էլեկտրոնային հարթակներից ստացված պատվերներով տաքսի ծառայություն մատուցող 20 հազար վարորդ արդեն գրանցվել է հարկային մարմնում։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ նախագծերի իրականացման դեպարտամենտի ղեկավար Լուսինե Այվազյանը՝ մանրամասներ ներկայացնելով սեպտեմբերի 1–ից ուժի մեջ մտած նոր կարգավորումների մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 1–ից տաքսիստները հաճախորդներին պարտավոր են տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Չտրամադրելու դեպքում տուգանքը կկազմի 200 հազար դրամ։ ՀԴՄ կտրոն տրամադրելու համար առանձին հսկիչ դրամարկղային մեքենա տեղադրելու կարիք չի լինի։
Այվազյանը նշել է, որ էլեկտրոնային հարթակներն արդեն միացած են ՊԵԿ համակարգին և վերջին տվյալներով տրամադրվել է շուրջ 150 հազար էլեկտրոնային կտրոն՝ 192 մլն դրամ արժեքով:
«Այս պահի դրությամբ արդեն իսկ 20 հազար քաղաքացի գրանցվել է հարկային մարմնում առանց որևէ դիմում ներկայացնելու: Նույն հարթակների միջոցով, եթե գործունեություն է իրականացնում օտարերկրյա քաղաքացին, պետք է ներկայացնի առցանց դիմում կամ այցելի հարկային մարմին»,– ասել է նա:
Ինչ վերաբերում է անհատ վարորդներին, ապա նրանց համար, ըստ Այվազյանի` ՊԵԿ–ը մշակել է հավելված. այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS համակարգի համար:
Հավելվածից օգտվելու համար ՀՀ քաղաքացիները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված քաղաքացիները պետք է ունենան MID նույնականացնում:
«Անձը, MID նույնականացնում ունենալով և մուտք գործելով համակարգ, առցանց եղանակով առանց որևէ դիմում ներկայացնելու կարող է հաշվառվել հարկային մարմնում»,– նշել է նա:
Այվազյանի խոսքով` այս պահին հավելվածները պատրաստ են, iOS–ի համար հաստատումը տրված է, Apple Store-ում այն արդեն հասանելի է, կարելի է ներբեռնել հավելվածը, իսկ Android–ի համար դեռ սպասում են հաստատման:
Հավելվածը կոչվում է My tax, ներբեռնելիս պետք է փնտրել My tax Armenia անվանումով:
Ինչ վերաբերում է «տաքսի սերվիսներին», ապա նրանք նույնպես պետք է գեներացնեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ: Այս կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան իրենց էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն կտա գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և ուղարկել ՊԵԿ:
«ՊԵԿ ուղարկելու գործընթացն իրականացվում է ՊԵԿ–ի հետ միացած վեբ սերվիսի միջոցով»,– ընդգծել է Այվազյանը:
Հիշեցնենք, որ տաքսիների ուղևորությունների տուրքը կանխիկ վճարման դեպքում ավելի բարձր կլինի, քան անկանխիկի պարագայում։ 2024 թվականի սեպտեմբերի 1–ից տուրքը կկազմի ուղեվարձի 2%–ը, 2025 թվականի հունվարի 1-ից` 3,5%–ը և 2026 թվականի հունվարի 1–ից` 5% –ը։
Անկանխիկ դրամով վճարումների դեպքում 2024 թ․սեպտեմբերի 1-ից պետտուրքը կկազմի յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 1․5 %–ը, 2025 թվականի հունվարի 1-ից` 2.5 %–ը, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից` 4 %–ը։
Այսինքն` 1 000 դրամ պատվերի դեպքում սեպտեմբերի 1–ից մինչև տարեվերջ կանխիկ վճարման դեպքում տուրքը կկազմի 20 դրամ, իսկ անկանխիկ վճարման դեպքում` 15 դրամ։
Ինչպես են անհատ տաքսիստները ՀԴՄ–ներ տալու. ՊԵԿ–ը ուղեցույց է հրապարակել