Ճապոնիայում թայֆունի պատճառով երեք մարդ մահացել է, առնվազն 40-ը` տուժել

Ճապոնիայում հարյուրավոր ավիաչվերթեր են չեղարկվել։
Sputnik
Ճապոնիայի հարավ–արևմուտքում գտնվող Կյուսյու կղզում առավոտյան մոլեգնած «Շանշան» ուժեղ թայֆունի պատճառով առնվազն 3 մարդ է մահացել, մեկն անհետ կորած է համարվում։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։
Թայֆունը սլանում է դեպի Շանհայ. 360 հազար մարդ են տեղահանել, քաղաքում կյանքը կաթվածահար է
Հայասին հայտնել է, որ շուրջ 237 հազար տնտեսություն, հիմնականում Կյուսյուում, էլեկտրամատակարարման խափանումներ են ունեցել։ Դեպի Կյուսյու արագընթաց ավտոմայրուղիների 87 հատված է փակվել, դադարեցվել է «Սինկանսեն» գնացքների երթևեկությունը։ Վերջին երկու օրվա ընթացքում Ճապոնիայում ավելի քան 700 ավիաչվերթ է չեղարկվել։
NHK հեռուստաալիքի տվյալներով` տուժածների թիվը հասել է մինչև 40-ի։
Այժմ «Շանշանը» Կագոսիմայի պրեֆեկտուրայի շրջանում է և դանդաղ շարժվում է հյուսիսային ուղղությամբ։ Քամու ուժգնությունը թայֆունի առաջացման գոտում 50-70 մ/վ–ի է հասնում։
Նման բան եղել է մեկ էլ 60 տարի առաջ. Ճապոնիայի թայֆունի սարսափելի հետևանքների կադրերը
Օդերևութաբանների գնահատականներով` տեղումների ինտենսիվությունը Կյուսյուի մի շարք շրջաններում օրական 400-600 մմ է կազմում։