Իրանի քաղաքացին փորձել է Հայաստանով ափիոն առաքել Ավստրալիա

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Իրանի քաղաքացին փորձել է Հայաստանով Ավստրալիա առաքել 233 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է` ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից ՊԵԿ ՄԴՊ վարչություն տվյալներ են ստացվել, որ ԻԻՀ քաղաքացին մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել թմրամիջոց և պատրաստվում է այն ուղարկել Ավստրալիայի Համագործակցություն։
Իրացնելով ստացված տվյալները` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստի» Կապանում գտնվող բաժանմունքներից մեկում զննման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի Ս․Յ․-ի անունից Հ․Ի․-ի անվամբ Ավստրալիայի Համագործակցություն առաքվող միջազգային փոստային առաքանին:
«Արդյունքում հայտնաբերվել է 2 կաշվեպատ պայուսակ: Նշված պայուսակների պատերի մեջ՝ հատուկ թաքստոցներում, եղել են ընդհանուր 233 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն մածուցիկ և կոշտ զանգվածներ»–նշված է հաղորդագրության մեջ:
Կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, որի շրջանակում, թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նշված բաժանմունքի մոտից ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացին։
ՀՀ–ում հանցավոր խումբը զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, ստեղծել լաբորատորիա
Ձերբակալված անձը կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է։