Նույնիսկ օտարներն են զարմանում՝ ինչո՞ւ մենք չենք պահանջում ազատել մեր հայրենակիցներին

Sputnik
Մի տեսակ մոռացել ենք այս տխուր վիճակագրությունը. ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, նրանցից 8 -ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն են։ 44-օրյա պատերազմից հետո անհայտ է 195 հոգու ճակատագիրը, 15 հոգի անհետ կորած է համարվում նախորդ տարվա սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունից հետո։
Առաջիկայում առնվազն երկու առիթ կարող է լինել Բաքվի բանտերում պահվողներին ազատ արձակելու պահանջը հնչեցնելու համար. բնապահպանական մեծ համաժողով Ադրբեջանի մայրաքաղաքում, միգուցե նաև խաղաղության պայմանագրի ստորագրում։ Սոցցանցերի օգտատերերից մեկը փաստում է. «Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն հայերիս առաջարկում է Բաքվում կայանալիք միջազգային կոնֆերանսին ընդառաջ բոյկոտել այն և չստորագրել խաղաղության որևէ փաստաթուղթ, քանի դեռ Ադրբեջանի բանտում են գտնվում մեր հայրենակիցները։ Բա սա ամոթ չէ՞ մեզ ուղղված... Ուրեմն ուրիշը մեր հայրենակիցների մասին ավելի շատ է մտահոգ, քան մե՞նք...»։
«Չմաքառել, չտառապել»՝ իշխանությունները համոզված են, որ սա է ժողովրդի ցանկությունը
Թվում էր, թե Հայաստանում աշխույժ քննարկումներ կծավալվեն նոր, տարեցտարի հզորացող միջազգային կազմակերպությանը՝ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու վերաբերյալ։ Չէ՞ որ «Գոլդման Սաքս» ընկերության վերլուծաբանների կարծիքով` մինչև 2050 թվականն այս խմբի երկրների տնտեսությունների հանրագումարային ծավալը կգերազանցի զարգացած պետությունների՝ Մեծ յոթնյակի երկրների տնտեսությունների ծավալը։ Որքան էլ զարմանալի է, պաշտոնական Երևանը գրեթե չի խոսում այս թեմայով, այնինչ Բաքուն հենց այս շաբաթ շատ կոնկրետ քայլ կատարեց։
Կարդանք հայաստանցիներից մեկի սոցցանցային մեկնաբանությունը. «Հայաստանի առևտրային գործընկերների ցանկի նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ապագան ԲՐԻԿՍ-ում է: Իհարկե, փաստերը, ռեալիստական հաշվարկը Հայաստանի իշխանության համար չեն, որը շարունակում է «փրկիչներ» փնտրել Արևմուտքում: Ի դեպ, Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար»։
Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր շարունակ շեշտում են նույն միտքը. Հայաստանի իշխանավորների այս երիտասարդ և անփորձ թիմը, ցավոք, շատ վատ է հասկանում, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում աշխարհում, և հենց դա է մեր ամենամեծ դժբախտությունը։ Ընդամենը մի մեջբերում. «Այս իշխանությունները չհասկացան պահի լրջությունը, մոտ ապագայի աշխարհաքաղաքական վերադասավորումներն ու մինչև 2020-ը չօգտվեցին Արցախի հարցում հնարավոր խաղաղություն հաստատելու միակ ու վերջին հնարավորությունից։
«Տիեզերակայանի պատանդները». ուղեծրում «լռված» տիեզերագնացներն ու քաղաքականությունը
Դիմացը կրկին մի նոր փորձություն է, վերահաս մի նոր աղետ, բայց մյունհաուզենների այս իշխանությունը զբաղված է հաթաթա տալով աջ ու ձախ՝ լավ էլ գիտակցելով դրա հետևանքները: Այս մարդիկ «ինքնիշխանության» անվան տակ ՀՀ-ն դարձրել են քաղաքական մանրադրամ, օբյեկտ, աշխարհաքաղաքական ղազ ու նույն «ինքնիշխանություն» պոռալով` կործանելու են մեր պետության վերջին փշրանքները»,- ահազանգում է օգտատերը։
Երևի գիտեք, որ սեպտեմբերի 1-ից բարդանալու է հայաստանցի տաքսիստների կյանքը՝ պիտի հարկ մուծեն, ՀԴՄ կտրոններ տրամադրեն և այլն։ Երեկ, երբ տաքսիով շուկայից տուն էի վերադառնում, վարորդը սկսեց բողոքել, ես էլ հակադարձեցի. «Ախր, հաստատ գիտեմ, որ դուք չեք տուժելու, այդ լրացուցիչ ֆինանսական բեռը մեր՝ ուղևորներիս ուսերին եք բարդելու` պարզապես բարձրացնելով սակագները»։
Վարորդը տխուր հայացքով նայեց ինձ ու ասաց. «Ես նման բան չեմ անելու, ես պարզապես սեպտեմբերից այլևս չեմ աշխատի, որովհետև անիմաստ է դառնում»։
Իհարկե, կարելի է ենթադրել, որ, ցավոք, նման տրամադրություն ունեն շատերը։ Բայց, կներեք, վերահսկողության իսպառ բացակայությունն այս ոլորտում երբեմն հանգեցնում է այնպիսի երևույթների, որոնք, առանց չափազանցության, հարցականի տակ են դնում մեր պետության իմիջը։
Ահա թե ինչ է պատմում սոցցանցերի օգտատերերից մեկը. «Զանգում ա մեր հյուրատան հյուրերից մեկը, ասում ա` ասե′ք խնդրեմ, օդանավակայանից մինչ Չարենցի փողոց` ձեր հասցե, ինձնից տաքսու վարորդն ուզում ա 40 000 դրամ, դա նորմա՞լ ա, ասացի` տուր վարորդին հեռախոսը, ասեմ` նորմա՞լ ա, թե՞ ոչ։ Վերցրել ա ինչ-որ տղամարդ` քուրի′կ ջան, ի՞նչ ա պատահել։ Ասում եմ` դու ես պատահել, ուրիշ ոչինչ։ Ի՞նչ ա նշանակում` 40 հազար, դա ի՞նչ գին ա, Վրաստա՞ն ես տանում մարդուն։ Անցավ 30 րոպե, հյուրը մտավ ներս, պարզվեց` սա իջեցրել ա մարդուն ճանապարհի կեսին ու գնացել, հյուրը այլ մեքենայով ա հասել Կենտրոն»,- գրել է վրդովված օգտատերը։
Եվ վերջում, թույլ տվեք շատ հակիրճ խոսել նաև պոեզիայի մասին։ Առիթը կա. օրերս Հայաստանի վարչապետը ներկայացրել է իր նոր բանաստեղծությունը, որը շատերը լսած կլինեն։ Սակայն օգտատերերից մեկը որոշել է Ֆեյսբուքում տեղադրել նույն հեղինակի մեկ այլ բանաստեղծություն, որը նա գրել է տարիներ առաջ։ Մի փոքր մեջբերում այդ ստեղծագործությունից.
«Դուք Ղարաբաղ եք ասում այդ հողին,
Իսկ մենք՝ հայերս, ասում ենք՝ Արցախ։
Դուք այդ ասելով՝ նմանվում եք գողի,
Իսկ մենք՝ հայկական քաջարի, անվախ։
Մենք դրել ենք մեր ազնիվ պահանջը,
Եվ դրան, այո′, կա, ապացուցում,
Եթե չլիներ պահանջն այդ ազնիվ
Արաքսն իր համար կփնտրեր նոր հուն։
Այո′, Մասիսի ձյունը կհալվեր,
Եվ կաղիանար Սևանա լիճը,
Եթե այդ պահանջն ազնիվ չէր եղել,
Եվ մենք վարվեինք ինչպես դահիճը։
Մենք Ղարաբաղին, ո′չ , աչք չենք դրել,
Ինչո՞ւ աչք դնել սեփական հողին,
Դուք մեր սահմանը այնքան եք հրել,
Որ ուզում եք տիրել Մեղրու խաղողին»։

Համաձայնե′ք՝ տպավորիչ տողեր են։
Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում ձերբազատվել 2021-ի պատրանքներից