Ամեն ինչ գնալով թանկանում է. ինչ կարժենա սեպտեմբերի 1-ը ծնողների համար

Սեպտեմբերի 1. Արխիվային լուսանկար
Հագուստի գները Երևանի խոշոր առևտրի կենտրոններում և խանութներում բավականին բարձր են, ուստի դպրոցահասակ երեխաների ծնողները հաճախ գնումներ են կատարում տոնավաճառներից, իսկ ավելի շատ` առևտրի օնլայն հարթակներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Սեպտեմբերի 1–ին ընդառաջ դպրոցահասակ երեխաների ծնողները շտապում են անհրաժեշտ գնումներ կատարել երեխաների համար: Sputnik Արմենիան որոշել է պարզել, թե ծնողների համար որքան կարժենա կրտսեր և միջին դասարանների երեխաներին դպրոց ուղարկելը Երևանում և մոտակա մարզերում (Արարատ, Կոտայք):
Երևանի խոշոր առևտրի կենտրոնների, խանութների և տոնավաճառների, առևտրի օնլայն հարթակների գնացուցակների ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ շարքային հայ ընտանիքի բյուջեն մեկ երեխա դպրոց ուղարկելուց կնվազի 90 000 դրամով: Սա այն դեպքում, երբ ընտանիքը երեխայի համար ամեն ինչից գնի մեկական հատ։
Դպրոցի համար ամենակարևոր գնումներից մեկը պայուսակն է, որը Երևանի խանութներում կարելի է ձեռք բերել նվազագույնը 6000-7000 դրամով: Իսկ եթե ծնողը հաշվի առնի նաև պայուսակի ամրությունը, ապա միջինում մեկ պայուսակը կարժենա 10000 դրամ։
«Խցանված» սեպտեմբերի 1. ծնողները երեխաներին դպրոց են ուղեկցում երբեմն մի քանի մեքենայով
Պայուսակում պետք է լինեն տետրեր, օրագիր, գրչատուփ, գրիչներ, մատիտներ, ռետիններ, նկարչական ալբոմ և այլ գրենական պարագաներ: Կրտսեր և միջին դասարանների երեխաներին անհրաժեշտ են նաև առարկայական հատուկ տետրեր։ Այս ամենի համար միջինում անհրաժեշտ է 16.000 դրամ։
Գոնե սեպտեմբերի 1–ին աշակերտները հագնում են սպիտակ վերնաշապիկ, սև կամ կապույտ տաբատ կամ կիսաշրջազգեստ, հիմնականում` նոր։ Սպիտակ վերնաշապիկ Երևանի տոնավաճառներից կարելի է ձեռք բերել միջինը 8000 դրամով, վերնաշապիկին փոխարինող սպիտակ բլուզը՝ միջինում 6000 դրամով: Տաբատներն արժեն 10.000-15.000 դրամ, իսկ կիսաշրջազգեստները՝ միջինը` 9000–15000 դրամ: Տղա երեխայի կոշիկները կարելի է գնել միջինը 12 000–15000 դրամով, իսկ աղջիկներինը՝ 14000-17.000 դրամով: Երեխաների գուլպաները և ներքնազգեստը միասին ծնողի գրպանի վրա կարժենան միջինը 10000 դրամ:
Ի տարբերություն Երևանի` Արարատի և Կոտայքի մարզերի տոնավաճառներում և խանութներում գներն ավելի մեղմ են. վերը նշված հագուստները կարելի է ձեռք բերել հետևյալ գներով. վերնաշապիկ` 3000-5000 դրամ, տաբատ` 6000-9000 դրամ, կիսաշրջազգեստ` 5000-8000 դրամ, կոշիկներ` 6000-10000 դրամ:
Քանի որ ծնողներից շատերն օգտվում են նաև հայտնի օնլայն հարթակներից, բայց չկա հստակ վիճակագրություն, թե որքան և ինչ գներով` Sputnik Արմենիան պարզել է, որ այս պահի դրությամբ օնլայն հարթակների և ՀՀ մարզային խանութների ապրանքների գները գրեթե չեն տարբերվում։
Արարատի մարզում գործունեություն ծավալող վաճառականներից մեկը, որը չցանկացավ տեսախցիկի առջև խոսել, նշեց, որ օրինակ Wildberries-ը և նման օնլայն խանութներն իրենց չեն խանգարում։
«Դպրոցական իրարանցում», կամ ինչ կարժենա սեպտեմբերի 1-ը ծնողների համար
«Ուղղակի խնդիրն այն է, որ կարող են մի քանի օր զեղչեր դնել, հետո նորից բարձրացնել։ Մարդիկ այդ ընթացքում ակտիվ գնումներ են անում »,–ասաց վաճառականը։
Նրա խոսքով` գյուղացիներն իրենց խանութներից ուսումնական տարվա գնումների որոշ մասն անում են կանխիկով, մյուս մասը՝ պարտքով` պարտավորվելով առաջիկայում մաս-մաս վճարել։
«Wildberries-ը նման հնարավորություն չի տալիս»,–ծիծաղելով ասում է վաճառականը։
Վերջապես, ի՞նչ սեպտեմբերի 1` առանց ծաղկեփնջի: Հայաստանում, սովորաբար, նման օրերին ծաղիկների ու ծաղկեփնջերի գներն աճում են։ Առնվազն 5000(մարզերում)-9000 դրամ կպահանջվի միջին չափի ծաղկեփունջ գնելու համար։
Հավենք, որ Sputnik Արմենիան համեմատական է անցկացրել 2019 թվականի օգոստոսին արձանագրված գների հետ, ինչը կարող եք տեսնել մեր պատրաստած տեսանյութում։