Գեղարդը միակը չէ․ Վայոց Ձորում թաքնված վիմափոր վանքը

Ասում են՝ երկար տարիներ վանքի մուտքը փակ է եղել հսկայական քարով, ինչի շնորհիվ այն թաքնված է մնացել։
Sputnik
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանում Գեղարդից բացի ևս մեկ վիմափոր վանք կա։ Այն, բառի բուն իմաստով, թաքնված է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Մարտիրոս գյուղի լեռներում։ Մինչև մուտքին չես հասնում, մտքովդ չի էլ անցնում, որ այդտեղ վիմափոր եկեղեցի կա, ընդ որում` բավական մեծ չափերի։
Մարտիրոսաց վանքի մուտքը
Ի՞նչ է հայտնի այս կառույցի մասին․ այն Գեղարդից հետո ամենախոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում։ Հայտնի է իբրև Մարտիրոսաց վանք։ Ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում՝ լեռան մեջ։ Ունի հրաշալի ներքին ակուստիկա։ Ասում են՝ երկար տարիներ մուտքը փակված է եղել մեծ քարով, ուստի մարդկանց աչքից թաքնված է մնացել։
Մարտիրոսաց վանքի գմբեթը
Կազմված է երկու եկեղեցիներից․ գլխավոր եկեղեցին, ըստ արձանագրությունների, կոչվում է Սբ. Աստվածածին: Այն փորել է տվել Մաթևոս վարդապետը 1286 թվականին: Ըստ տեղեկությունների՝ կառուցումը տևել է մոտ 16 տարի։ Մեծ եկեղեցուց մուտք ես գործում փոքր եկեղեցի, որի ներսում հորանցք կա։ Այն տանում է դեպի գետափ։ Մուտքը հիմա փակ է՝ անվտանգությունից ելնելով։
Մարտիրոսաց վանքի հատակը
Երկու եկեղեցիների պատերին խաչքարեր են, փորված խաչեր, արձանագրություններ։ Հայտնի սրբավայր է Վայոց Ձորի տարածքում։ Մարդիկ հեռավոր վայրերից անգամ այստեղ ուխտի են գալիս, մատաղ անում, մոմ վառում՝ հավատալով վանքի զորությանը։
Մարտիրոսաց վանքի մուտքը
Ի դեպ, վիմափոր վանքի ներսում այսօր ապրում են չղջիկները, որոնք այնքան էլ չեն ուրախանում չսպասված հյուրեր տեսնելիս։
1 / 3

Մարտիրոսաց վանքը

2 / 3

Մարտիրոսաց վանքը

3 / 3

Մարտիրոսաց վանքը