ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածում առկա կարգավորման պատճառով մրցակցային իրավիճակը խաթարված է։ Կառարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` մեկնաբանելով կոմիտեի առաջարկած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը։
Ներկայում հոդվածի 5-րդ կետով նախատեսված է՝ եթե հարկերից, տուրքերից խուսափած տնտեսվարողն ամբողջությամբ վճարում է չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից։
«Պատկերացրեք՝ նույն շուկայում գործում են երկու տնտեսվարող սուբյեկտներ․ մեկը գործում է լրիվ կարգապահ՝ հարկային կարգապահության տեսանկյունից՝ 100 տոկոսով, վճարում է բոլոր հարկերը, մյուսը խուսափում է։ Ինչ-որ պահի ՊԵԿ-ը հայտնաբերում է խախտումը, հայտնաբերում է դրա մի մասը, ապացուցում է դրա ավելի փոքր մասը, տնտեսվարողն ասում է՝ ինչ լավ է, վճարեմ և ազատվեմ քրեական պատասխանատվությունից։ Այսինքն՝ սա որքանո՞վ է արդար կարգապահ տնտեսվարողի նկատմամբ»,- նշում է Բադասյանը։
Նա որպես օրինակ տնտեսական հանցագործությունը սովորական գողության հետ է համեմատում։ Հարցնում է՝ որքանո՞վ է արդար, որ երբ ֆիզիկական անձը մեկ այլ անձից 1000 կամ 5000 դրամ է գողանում, դա գողություն է, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում, իսկ եթե տնտեսվարողը 10 միլիոն գողանում է, դա գողություն չէ։
ՊԵԿ-ն առաջարկում է նաև նախնական քննության փուլից գնալ դատական քննության փուլ, որտեղ տնտեսվարողն ավելի պաշտպանված է, օգտվում է ավելի լայն երաշխիքներից։ Չի համաձայնում բարձրացված աղմուկի հետ, թե ՊԵԿ տեսուչները սուբյեկտիվ որոշումներ են կայացնում։ Բադասյանի խոսքով՝ դա տեխնիկապես հնարավոր չէ, որովհետև որոշումը մեկ անձի կողմից չի կայացվում, վերահսկման մի ամբողջ մեխանիզմ կա։
«Այսինքն՝ կա քննիչ, կա դատախազ, որն օրինականության նկատմամբ հսկողություն է անում, կա դատարան, որ նախնական քննության նկատմամբ դատական վերահսկողություն է անում, իսկ դատական քննության փուլում իմ նշած երաշխիքներով հանդերձ քննություն է անում և կայացնում որոշում, այսինքն՝ մերկապարանոց պնդում է»,- ասում է Բադասյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ բացարձակ սխալ է այն պնդումը, թե բոլոր երկրներում գնում են տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման։ Շեշտում է՝ բացարձակ սուտ է և կարող է յուրաքանչյուրին ապացուցել, որ միջազգային փորձը լրիվ այլ է։
Բադասյանը նաև պնդում է՝ որևէ տնտեսվարողի պատահական կամ տեխնիկական սխալի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկել։
Նա համաձայն է ներկայացվող դիտարկումներից մեկի հետ, որ տնտեսվարողի նկատմամբ պատժամիջոցների չափը փոխվի՝ կախված նրանից, թե ինչ չափի վնաս է պետությանը պատճառվել։
Ինչ վերաբերում է ՊԵԿ հրապարակած տվյալներին, որ 2023 թ. ընթացքում քննվել է 932 քրեական վարույթ (հարկայինի մասով), որից 439–ը կարճվել է, Բադասյանն ասում է՝ գործերի կարճման հիմնական պատճառը խրախուսական նորմն է։