ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ 1535 քրեական վարույթ, որից 197-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերն ավելացել են 484-ով (2023թ․ առաջին կիսամյակում՝ 1051 քրեական վարույթ, մեղադրական եզրակացությամբ ավարտվել են 140-ը)։
«199 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 4-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 345 քրեական վարույթ կարճվել է, որից 307-ը` ռեաբիլիտացնող, իսկ 38-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 328-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 17 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 116-ը միացվել է, 528 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Դատարան ուղարկված վարույթներով 199 մեղադրյալներից 160-ը եղել են կին/ամուսին, 21-ը՝ ծնող/տատ և պապ, 8-ը՝ քույր/եղբայր, 10-ը՝ զավակ/թոռ (2023թ․՝ 144 մեղադրյալից 110-ը հանդիսացել են կին/ամուսին, 20-ը՝ ծնող/տատ ու պապ, 5-ը՝ քույր/եղբայր, 9-ը՝ զավակ/թոռ:)
Դատարան ուղարկված վարույթներով 206 տուժողներից 7-ը եղել են մինչև 12, 3-ը՝ 12-14, 7-ը՝ 14-18 տարեկան, 189-ը՝ 18-ից բարձր տարիքի (2023թ․՝ դատարան ուղարկված վարույթներով 152 տուժողից 14-ը եղել են մինչև 12, 4-ը՝ 12-14, 4-ը՝ 14-18, 130-ը՝ 18-ից բարձր տարեկան):
Դատարան ուղարկված 195 վարույթների մեծ մասը՝ 140-ը, քննվել է ֆիզիկական ներգործության, 17-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 6-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 5-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով։ Եղել են նաև վարույթներ սպանության, սպանության փորձի, մարդուն առևանգելու, ալիմենտ վճարելուց խուսափելու և այլ հոդվածներով։