Հունիսի 12–ի գործով կալանավորվածներն ազատ են արձակվել, վերացվել են բոլոր տնային կալանքները

Ակցիայի մասնակիցներից 2–ի նկատմամբ ընտրված է բացակայելու արգելքը, իսկ 2–ի նկատմամբ` վարչական հսկողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանի առաջին ատյանի դատարանն ազատ է արձակել հունիսի 12–ի գործով կալանքի տակ գտնվող բոլոր չորս քաղաքացիներին։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հունիսի 12-ին անցկացված բողոքի ակցիայի ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ։ 4 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 8–ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2–ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, իսկ 2–ի նկատմամբ` վարչական հսկողությունը։

«Դատարանն ազատ արձակեց կալանքի տակ գտնվող մեր չորս հայրենակիցներին, վերացրեց բոլոր տնային կալանքները»,–գրել է Մանուկյանը։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ էին պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։