ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանի սպանության տեսանյութը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 17-ին Սևանի հյուրանոցային համալիրներից մեկում սպանվել է 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Նրան հիվանդանոց են տեղափոխել հրազենային վիրավորումով, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։ Հուլիսի 18-ին ՔԿ-ն հայտնել էր, որ գործով ձերբակալվել է երկու անձ` Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչները։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է խուլիգանությանը մասնակից ևս մեկ անձի ինքնությունը, որը Տավուշի մարզի 39–ամյա բնակիչ Դ․Հ․–ն է։ Նրան ևս կալանավորելու որոշում է կայացվել։ Հայտարարվել է հետախուզում։
Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանք է ներկայացվել երկու անձի։ Մ․Փ․-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 19–ամյա Լ․Բ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններս կալանավորված են։