ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Բջջային հեռախոսների և այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը 1–ին եռամսյակում ՀՀ ամենախոշոր հարկատուն էր ավելացված արժեքի հարկով մուտքերի շնորհիվ։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտներիկոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Ապրիլի 25-ին ՊԵԿ–ը հրապարակել էր 2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Այն առաջին անգամ գլխավորում է բջջային հեռախոսների և այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։ Ցանկի 2–րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երրորդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ի դեպ, 2024 թ. արդեն 1–ին կիսամյակի տվյալներով ցանկը գլխավորում է ԶՊՄԿ–ն։
«ԱԱՀ–ն պետական բյուջեից վերադարձվող կամ հաշվանցվող հարկատեսակ է։ Այսինքն, ընկերությունը ներմուծումն անում է, ԱԱՀ–ն վճարում է, իսկ հետո, երբ վաճառում է ապրանքը արտահանող մեկ այլ սուբյեկտի, այդ գումարը վերադարձվում է իրեն»,– պարզաբանեց Բադասյանը:
Նա ընդգծեց, որ «Մոբայլ Սենթրը» իր վճարած հարկերով որևէ կերպ համադրելի չէ, օրինակ, ԶՊՄԿ–ի կամ այլ խոշոր ընկերությունների հետ. աստեղ զուտ ՊԵԿ հաշվարկի մեթոդաբանության խնդիրն է, թե ինչպես է կոմիտեն որոշում` ով է տվյալ եռամսյակում երկրի խոշոր հարկատուն։
«Մեր մեղքն այնքանով է, որ այն մեթոդաբանությունը, որ մենք հրապարակում ենք, չենք փոփոխում: Փոփոխելու դեպքում էլ, մեկ է, այդպիսի տարընկալումներ լինելու են: Դրա համար հատուկ նշել ենք` այդպիսի իրավիճակների դեպքում դիմեք, մենք պարզաբանում կտանք»,– վստահեցրեց ՊԵԿ նախագահը։
Այն հարցին, թե «Մոբայլ Սենթրը» խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել զուտ վերարտահանումների՞ շնորհիվ, Բադասյանը պատասխանեց.
«Ինքը ունի թե՛ ներմուծումներ Հայաստանի շուկայի համար, թե՛ վերարտահանումներ»:
Նշենք, որ Հայաստանում տեխնիկայի ներմուծումից բավականին մեծ հարկեր են գանձվում, բայց վերարտահանման դեպքում դրանք մասամբ վերադարձվում են բիզնեսին։