ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Իրանի քաղաքացիները ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո զանգվածային ցույց են անցկացնում ի պաշտպանություն Պաղեստինի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ երթն անցնում է Թեհրանի կենտրոնական փողոցներով: Բոլորը՝ երեխաներից մինչև ակցիայի տարեց մասնակիցներ, ծածանում են Պաղեստինի և լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորման դրոշները:
Հիշեցնենք` պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ Ինչպես գրում են արաբական ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։
ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն արձագանքում Հանիայի սպանության մասին հաղորդագրություններին: «Jerusalem Post»–ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չխոսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին: