Հրեական լոբբիի գաղտնիքը. ամերիկյան համալսարանները բողոքում են, Կոնգրեսը՝ ծափահարում

Sputnik
​Ընդամենը շաբաթներ առաջ ամերիկյան առաջատար համալսարանների ուսանողներն այնպիսի հզոր ցույցեր էին կազմակերպել Իսրայելի քաղաքականության դեմ, որ շատերը դրանք համեմատում էին Վիետնամի պատերազմի տարիներին ծագած բողոքի ալիքի հետ։ Այնինչ, անցած շաբաթ Կոնգրեսի անդամները բուռն ծափահարություններով էին ընդհատում Բենիամին Նեթանյահուի ելույթը պառլամենտի նիստերի դահլիճում։
Իսրայելի վարչապետի ջերմ ընդունելությունն, իհարկե, օբյեկտիվ պատճառներ ունի։ Առաջին` ամերիկացիները համոզված են, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի միակ դեմոկրատական պետությունն է։ Երկրորդ` երկու երկրներին մերձեցնում է նաև այն հանգամանքը, որ նրանք ստեղծվել են ներգաղթյալների շնորհիվ։ Երրորդ` Ամերիկան և Իսրայելը վտանգ են սպասում նույն պետություններից՝ Իրանից, Սիրիայից, Եմենից և այլն։ Բայց ամենակարևորը՝ Միացյալ Նահանգներում տասնամյակներ շարունակ գործում է հրեական լոբբին, որն ամենահզորն է էթնիկ լոբբիների շարքում։​
Վենեսուելա. արդյոք ընդդիմությանը կհաջողվի՞ «տեր կանգնել» իր հռչակած հաղթանակին
Երևի գիտեք` սովորաբար, երբ հարց է ծագում, թե ինչու Ամերիկայի հայ համայնքը այդքան ուժեղ չէ, որքան հրեականը, մի շարք հերթապահ փաստարկներ են բերվում։ Նախ, հայերն Ամերիկայում շատ ավելի քիչ են, քան հրեաները։ Այո′, դա համապատասխանում է իրականությանը, թեև խիստ կասկածելի է, որ որևէ մեկը ստույգ գիտի, թե քանի հայ և քանի հրեա է բնակվում ԱՄՆ-ում։ Բայց որպես հիմք ընդունենք մեր արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված պնդումը. «Ներկայումևս ԱՄՆ-ում բնակվում է 1 միլիոն 200 հազար հայ»։ Այնինչ, հրեաների թիվը, ըստ ամերիկյան տարբեր աղբյուրների, կազմում է մոտ 7 միլիոն։
Սակայն սա ոչինչ չի բացատրում, քանզի աֆրոամերիկացիները Միացյալ Նահանգներում 42 միլիոն են, իսկ իսպանախոսներն ընդհանրապես՝ 50 միլիոն, բայց նրանց լոբբիները շատ ավելի թույլ են, քան հրեականը։​
Մեր երկրորդ փաստարկը՝ դե, հայերը կամաց-կամաց ձուլվում են և այնքան էլ հետաքրքրված չեն հայկական հարցերով։ Հրեաներն էլ են ձուլվում, այն էլ՝ ինչպես. խառն ամուսնությունների թիվը 1950 թվականին կազմում էր ընդամենը 6 տոկոս, 2013 թվականին՝ արդեն 71 տոկոս։
Դեմոկրատական կուսակցությունը հաղթեց Թրամփին, Քամալա Հարիսը կհաղթի՞ կուսակցությանը
Մեջբերեմ մի գիտական հետազոտությունից. «ԱՄՆ-ի հրեական համայնքի սահմանները շարունակում են ակտիվորեն լղոզվել, և ավելի ու ավելի շատ քաղաքացիներ, որոնք հրեական արմատներ ունեն, այլևս չեն կապում իրենց ինքնությունը համայնքի հետ և չեն մասնակցում դրա գործունեությանը»։ Ծանո՞թ պատկեր է։ Բա ասում եք՝ հրեական համայնքն ուրի՜շ է։​
Իրականում ճիշտ եք ասում, որովհետև ի տարբերություն հայկական համայնքի` հրեական համայնքը կազմակերպված է։ Մեր պաշտոնյաները, խոսելով ամերիկահայերի մասին, անընդհատ շեշտում են, որ նրանք չունեն մեկ միասնական մարմին, որի հետ կարող է գործ ունենալ հայկական պետությունը։ Հրեաներն ունեն։
Կազմակերպված հրեական համայնքը միավորում է տասնյակ տարբեր կազմակերպություններ և միություններ՝ հասարակական, կրոնական, մշակութային, լրատվական, իրավապաշտպան, քաղաքական և մասնագիտական։ Այդ ամենը ղեկավարում է ամերիկյան առաջատար կազմակերպությունների նախագահների կոնֆերանսը, որը ստեղծվել է դեռ 1956 թվականին և միավորում է 50-ից ավելի խոշոր կազմակերպություններ։ Մասնագետների կարծիքով` կոնֆերանսի աշխատանքը շատ արդյունավետ է։
​Կա հրեական լոբբիի հետ կապված մի հանգամանք, որն առաջին հայացքից շատ դժվար է հասկանալ։ Իհարկե, հրեաները երկու հիմնական կուսակցությունների հետ էլ աշխատում են, բայց նախապատվությունը տալիս են դեմոկրատներին։ Ընդամենը մի փաստ. կազմակերպված հրեական համայնքը իր միջոցների 60 տոկոսը հատկացնում է Դեմոկրատական կուսակցության ընտրական հիմնադրամներին և միայն 40 տոկոսն է տրամադրում հանրապետականներին։ Եվ սա այն դեպքում, երբ հենց հանրապետական Դոնալդ Թրամփի օրոք Իսրայելում ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխվեց Երուսաղեմ, որը հրեաներն իրենց մայրաքաղաքն են համարում, այնինչ դեմոկրատ Բարաք Օբաման բանակցություններ նախաձեռնեց Իրանի հետ, որին հրեաները թիվ մեկ թշնամի են համարում։
«Աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասաններ». մահափորձ և դավադրության տեսությունների հեղեղ
Դե ինչ, որքան ավելի ազդեցիկ լոբբի ունես, այնքան ավելի քիչ ես կախված կուսակցական քմահաճույքներից, ընդհակառակը` դու ես քո կամքը թելադրում քաղաքական ուժերին։
​Ճիշտ է, վերջին տարիներին ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Վաշինգտոնի անվերապահ աջակցությունը Իսրայելի իշխանություններին, որոնք չափազանց կոշտ դիրքորոշում են որդեգրել պաղեստինցիների նկատմամբ, այնքան էլ մեծ աջակցություն չի գտնում ո′չ աշխարհում, ո′չ էլ ամերիկացի ընտրողների շրջանում։
Դրա վառ ապացույցն է ամերիկացի երկու հայտնի քաղաքագետների՝ Հարվարդի համալսարանի Կառավարման դպրոցի դեկան Սթիվեն Ուոլթի և Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոր Միերշայմերի ծավալուն հոդվածը։ Հեղինակները ամենևին չեն հորդորում հրաժարվել Ամերիկայի և Իսրայելի սերտ հարաբերություններից, պարզապես հարց են բարձրացնում՝ իսկ արդյոք Իսրայելի կառավարության բոլոր գործողությունների միանշանակ աջակցությունը չի՞ վնասում ԱՄՆ-ի ազգային շահերին։
​Թվում էր, թե այս հոդվածում շոշափված հարցերը թեժ քննարկման առարկա կդառնան, սակայն ամերիկյան առաջատար թերթերից և հասարակական-քաղաքական հանդեսներից որևէ մեկը այդպես էլ նույնիսկ չհիշատակեց այս հրապարակումը։
Համաձայնե′ք՝ փայլուն լոբբիստական աշխատանք։ Միայն նախանձել կարելի է։