ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կմեկնի Թեհրան` մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Ավելի ուշ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Փաշինյանն այսօր` հուլիսի 30–ին, Իրան է մեկնում աշխատանքային այցով։
«ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիրնախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաջորդիվ կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երդմնակալության արարողությանը, որը կայանալու է Իրանի Միլի Մեջլիսի շենքում, մասնակցելու են տարբեր երկրների ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Միջոցառումից հետո Իրանի նորընտիր նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացնելու իր կաբինետի կազմը։
Հիշեցնենք` այն բանից հետո, երբ մայիսի 19-ին ավիավթարից մահացավ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին երկու փուլով։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է առողջապահության նախկին նախարար Փեզեշքիանը։ Նա առաջադրվել էր որպես ռեֆորմիստական թևի թեկնածու։ Մասուդ Փեզեշքիանն էթնիկ ադրբեջանցի է, ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Արևմտյան Ադրբեջան նահանգ):