Հունիսի 12–ի ակցիայի 16 մասնակցի մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ավարտվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, զանգվածային անկարգություն կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ Ակցիայի մասնակիցներից 16–ին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից մի խումբ անձինք, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, հեղուկով լցված տարաներ, շշեր և այլ առարկաներ են նետել տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ուղղությամբ:
Զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկն էլ, ՔԿ–ի հաղորդագրության համաձայն, վնասել է այգում տեղադրված մետաղյա արգելապատնեշը՝ փորձելով մուտք գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ինչպես նաև պահել է հիշյալ արգելապատնեշը, որպեսզի այլ անձինք մուտք գործեն ՀՀ Ազգային ժողովից ներս ընկած այգու տարածք:
«Վերոնշյալ հանցավոր գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել շրջակայքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար»,–ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 15 անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:
«4 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 8–ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2–ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, իսկ 2–ի նկատմամբ` վարչական հսկողությունը»,–նշում են ՔԿ–ից։
Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ էին պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։