Խորհրդային ժամանակներում Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի տարածքները բաժանված էին գետով, սահմանազատման հետևանքով ադրբեջանական կողմում մնացած հեկտարներով հողատարածքները երբևէ Ադրբեջանին չեն պատկանել, իսկ հիմա տեղ-տեղ 100, տեղ-տեղ 50 մետր գետից առաջ են եկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց 50-ամյա Վալենտինը, որի 1200 քառակուսի մետր մշակովի հողատարածքը ևս փշալարերից այն կողմ է մնացել։ Նա այն 7 կիրանցեցիներից մեկն է, որը հրաժարվել է փոխհատուցումից։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցում է տրամադրում Կիրանցի այն բնակիչներին, որոնց պատկանող գույքը սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին է անցել։ Խոսքը 30 անձին պատկանող 54 գույքի մասին է։
«Ես թուրքին հող չեմ տա, խլում են, բայց իմ դակումենտը չեմ հանձնելու, ուրիշ բան, որ Հայաստանի տարածքում մնար»,- ասում է Վալենտինը։
Նա ապահովության համար սեփականության վկայականը տնից դուրս է հանել, այլ վայրում է պահում։ Վստահ է՝ գալու է մի օր, երբ այդ փաստաթուղթը պետք է գալու։
«Չի մնալու էդ հողը թուրքին, որովհետև անօրինական էր էս ամենը։ Էս տարածքները երբեք թուրքինը չեն եղել։ Սովետի ժամանակ մեր պառնիկներն էին, Սովետի քանդվելուց հետո, որ հողերը սեփականաշնորհվեցին, տվեցին մեզ։ Իրանք էլ լավ գիտեն, որ իրենց տարածքը չի, դրա համար էլ ուզում են հետքերը վերացնել»,- ասում է Վալենտինը։
Բոլոր նրանք, ովքեր համաձայնում են փոխհատուցմանը, պետք է դիմում գրեն մարզպետի անունով։ Դիմումում նշված է՝ փոխհատուցման ենթակա գումարը ստանալու դեպքում քաղաքացին հրաժարվում է բոլոր գույքային և ոչ գույքային հնարավոր պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Փաստաթուղթը նաև լիազորում է Տավուշի մարզպետի աշխատակազմին դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ տվյալ հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար։
«Հենց սկզբի օրվանից ասել եմ՝ ոչ մեկդ չհամաձայնեք, սաղ ասում էին՝ հա, բայց մի օր պարզվեց՝ մեծ գումարներ են առաջարկել, մարդիկ էլ կան՝ գայթակղվել են»,- նշում է 50-ամյա տղամարդը։
Նա իրականում ոչ մեկին չի մեղադրում, բայց ինքն իր որոշումը կայացրել է։ Ժամանակին այս հողի համար կռիվ է տվել, արյուն թափել, վիրավորվել, չի պատրաստվում ժապավենը վրան կապած՝ նվիրել հակառակորդին։
Բացի ադրբեջանական կողմին անցած 1200 քառակուսի մետր տարածքից, ևս 1700 քառակուսի մետր հողատարածք ունի Հայաստանն ու Ադրբեջանը բաժանող փշալարին կից։ Կարծում է՝ այդ հողատարածքը ևս այլևս չի կարողանալու մշակել։
«Ամեն ինչ էլ մշակում էինք՝ կարտոշկա, վարունգ, կուկուռուզ․․․ Ինչ պետք էր, հիմա տան կողքի այգում ենք ինչ-որ բաներ ցանել, առնում ենք, մինչև տենանք՝ ինչ ա լինելու»,- նշում է կիրանցեցին։
Բացի հող մշակելուց, նաև անասնապահությամբ է զբաղվում, գյուղտեխնիկա ունի, հող է վարում, խոտ հավաքում, կապում, բայց այս տարի, իրավիճակով պայմանավորված, գրեթե գործ չի արել։ Իհարկե, գումարի կարիք կա, բայց որպես փոխհատուցում առաջարկվող գումարը Վալենտինը «կեղտոտ փող» է անվանում։
«Ես չեմ հավատում, որ խաղաղություն կլինի։ Պիտի պայմանագիր կապեր, նոր էս ամեն ինչն աներ, ոչ թե հողերը տվեց, նոր ասում ա՝ պայմանագիր կկապեմ»,- ասում է տղամարդը։
Նրա միակ մտահոգությունն այսօր երեխաներն են։ Եթե մի օր պատերազմը սկսվեց, թշնամին հեշտությամբ կարող է ճանապարհը փակել, 90-ականներին դա արդեն տեսել են, երբ ընտանիքներին մի կերպ էին անտառներով դուրս բերում գյուղից։ Ադրբեջանցիների հետ բարեկամություն անելն էլ չի պատկերացնում։ Ասում է՝ անգամ խորհրդային տարիներին գալ-գնալ կար, բայց կոնֆլիկտներ էլ կային, հատկապես՝ ջահելների շրջանում։ Վաղվա օրը դժվար է պատկերացնում, առայժմ անորոշության մեջ է, ծրագրեր կազմելն անիմաստ է համարում։ Մինչ այս պահն անգամ չգիտի, թե որտեղ է իր 13-ամյա դուստրը դասի գնալու՝ վթարային կարգավիճակ ունեցող շենքո՞ւմ, թե՞ բետոնե պատով հակառակորդից պաշտպանված, սահմանագծից մի 40-60 մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց դպրոցում։