30–ամյա հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որն իր կարիերայում արդեն բազում հաջողություններ է գրանցել ու մի քանի օրից էլ արդեն երկրորդ անգամ Հայաստանը կներկայացնի օլիմպիական խաղերում, սկսել է սպորտով զբաղվել միայն 18 տարեկանում։ Մարզիկ դառնալը երբեք նրա ծրագրերում չի եղել։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, հետաքրքրվել է թատրոնով ու կինոյով, անգամ սկսել է թատերական խմբակներ հաճախել: Հետո ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել պատահականության արդյունքում։
«Ուզում էի լողի գնալ պարզապես մարզվելու համար։ Իմացա, որ մի տեղ կա, որտեղ կարող ես գնալ կրակել ու անվճար լողի գնալ, երկու օր հետո լողը հանեցին, մնացի կրակելու (ծիծաղում է)։ Իսկ երկու ամիս անց արդյունքներս դարձան 6-7 տարի պարապող իմ տարեկիցների արդյունքների չափ։ Մնում էր միայն աշխատասիրությունը, մնացած ինքն իրեն եղավ»,– պատմում է Էլմիրան։
«Կդառնա՞ս երբևէ դիպուկահար» հարցին Էլմիրան կարճ է պատասխանում` ո՛չ, ես մարզիկ եմ, բայց հարցն այնքան հաճախ է հնչում, որ որոշել է բոլորին հումորով պատասխան տալ. «Ասում եմ` ձեր փողերը չեն հերիքի»։
Հրաձիգը շատ չի սիրում խոսել Տոկիո–2020 օլիմպիական խաղերի մասին, բայց իր արդյունքը ձախողում չի համարում։ Այն փորձը, որ տվեց Տոկիո–2020–ը, հիմա կօգնի ավելի լավ արդյունքի հասնել Փարիզում։
«Այդ պահին պատրաստ եմ եղել այդքանի։ Ես վատ չեմ կրակել, ես կրակել եմ այնքան, ինչքանի պատրաստ եմ եղել։ Սովորեցի իմ սխալների վրա ու Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր առաջինը վերցրեցի։ Ոչինչ հենց այնպես չի լինում»։
Այն, որ կանայք ավելի լավ են կրակում, քան տղամարդիկ, հրաձիգի կարծիքով, ընդամենը միֆ է։ Սպորտում բոլորը հավասար են։
Զրույցի մանրամասները` տեսանյութում։