ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ռուսաստանյան մասնագետներն ուսումնասիրում են Հայաստանի երկաթուղու պոտենցիալ վտանգավոր հատվածները՝ ջրհեղեղների կրկնության դեպքում նոր ավերածությունները կանխելու համար, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Նա նշեց, որ որոշ հատվածներում երկաթուղային ենթակառուցվածքները, թեև չեն քանդվել, սակայն ենթարկվել են ջրի ինտենսիվ ազդեցության: Այդ վայրերը նույնպես հսկողության տակ են, այնտեղ ամրաշինական աշխատանքներ են իրականացվում։
«Ներկայումս այստեղ են գտնվում «Ռոսժելդորպրոյեկտ» նախագծային ինստիտուտի ռուսաստանյան մասնագետները, ովքեր ուսումնասիրում են տեղամասերը։ Գետի ափերի ամրապնդման հետ կապված հետագա աշխատանքի վերաբերյալ կկայացվի նախագծային որոշում»,-ասաց Մելնիկովը։
Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով՝ պետք է վերացնել ոչ միայն ջրհեղեղի հետևանքները, այլ նաև հասկանալ ջրհեղեղների կրկնության դեպքում երկաթգծին ծավալուն վնաս հասցնելու կանխման ուղղությամբ անելիքները։
«Շատ մեծ աշխատանք կա անելու, քանի որ հիմա Դեբեդ գետն էլ իր հերթին բավական մեծ ուշադրություն է պահանջում։ Ջրհեղեղի ժամանակ բավական լուրջ քարե նստվածքներ են առաջացել, գետի հունը փոխվել է», - ասաց Մելնիկովը։
Նա հայտնեց, որ վերականգնողական աշխատանքների ընթացքում երկաթուղայինները ստիպված են եղել մի քանի տեղամասերում իրականացնել հունի մաքրում, ընդլայնում՝ խուսափելու իրավիճակի կրկնության ռիսկերից:
Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Հայաստանի հյուսիսային՝ Աղստև և Դեբեդ գետերը։ Հեղեղման գոտում են հայտնվել Ալավերդի քաղաքի մի մասը, ինչպես նաև մի քանի գյուղեր։ Զոհվել է 4 մարդ, շուրջ 300-ը տարհանվել են, զգալիորեն վնասվել են տներ ու ենթակառուցվածքներ։