ՔԿ–ն Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նոր խափանման միջոցի միջնորդություն է ներկայացրել

Դավիթ Սարգսյան
Վերաքննիչ դատարանը հուլիսի 16-ին բավարարել էր Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ նոր խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքում» հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Քննչականից քիչ առաջ տեղեկացրին, որ դատարան միջնորդություն են ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին»,– գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը մայիսի 27-ին 20 օրով կալանավորվեց, նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։ Հունիսի 13-ին նրա նկատմամբ 2 ամսով տնային կալանք կիրառվեց։
Վերաքննիչ դատարանը հուլիսի 16-ին բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը։